Նոր հարաբերությունների սկիզբ՝ բիզնեսի և իշխանության միջև
Հարցազրույց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ
– Պարոն Խաչատրյան, վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք են տվել ԱԱԾ-ի բացահայտումները, և այսօր էլ ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն։ Սա ի՞նչ ազդակ է գործարարներին և ի՞նչ ազդեցություն կունենա բիզնեսի վրա։
– Շատ հետաքրքիր իրավիճակ է, աշխատանքի ոճի փոփոխություն կա։ Իհարկե, շատ կարևոր է, որ բիզնեսն ինքը համոզվի, որ իրականում խաղի կանոններ են փոխվել, և իր վրա, բացի օրենքով նախատեսված բեռից, լրացուցիչ, ստվերային այլ բեռ չի լինելու։ Ի վերջո, այն, ինչ հիմա բացահայտվում է, դրա հետ է կապված։ Եթե այս զարգացումները շարունակություն ունեցան, և պետք է սպասենք, թե այդ շարունակությունն ինչ կլինի, սա կնշանակի, որ բիզնեսը կկարողանա աշխատել ուղղակի օրենքի շրջանակներում, և ոչ ոք չի անհանգստացնի նրանց։ Նոր հարաբերությունների սկիզբ է բիզնեսի և իշխանության միջև, որոնք օրենքով ամրագրվածի շրջանակներից ավելի չեն լինի։
– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ գործարարները չպետք է լինեն խորհրդարանում, ուղերձներ են հղում գործարար պատգամավորներին, որ նրանք հետաքրքրված չլինեն գտնվել ԱԺ-ում, որ նրանց շահերը պաշտպանված են լինելու, և նրանց սեփականությանը ոչինչ չի սպառնում: Որքանո՞վ է սա ընդունելի գործարարների համար։
– Պետք է իրենք որոշեն։ Կարծում եմ՝ ընդունելի է, իրենք էլ պետք է գնահատեն, որ դա օրենքն է պահանջում, ոչ թե որևէ մեկի ցանկությունն է։ Գործարարները պետք է շահագրգիռ լինեն, գնահատեն դա և զբաղվեն իրենց գործարարությամբ։
– Սա ինչպե՞ս կփոխի Ազգային ժողովի որակը, և այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից։
– Դա կլինի բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկիզբը, իհարկե, այդքան հեշտ չի լինի, որովհետև, ի վերջո, սովորույթներ կան, որ ձևավորվել են, և դրանք միանգամից արմատախիլ անել հնարավոր չէ։ Բայց բոլոր դեպքերում սկիզբ կլինի, որը հետագայի համար, հույս ունենանք, այդպես էլ կմնա։ Այսինքն՝ հետագայում առիթ չի լինի, որ բիզնեսի ներկայացուցիչները ցանկանան և՛ պատգամավոր լինել, և՛ գործարարությամբ զբաղվել։ Ուղղակի իրենք՝ լինելով գործարարներ, կարող են որևէ քաղաքական ուժի, որի գաղափարներն իրենց համար ընդունելի են, օգնել կամ ֆինանսավորել։
Եվ Ազգային ժողովը կհամալրվի այն մարդկանցով, որոնք իրականում քաղաքականությամբ են զբաղվում, որոնք իրենց համարում են քաղաքական գործիչներ, և որոշումներ ընդունողները կներկայացնեն ժողովրդին, քաղաքական խմբերին։
– Վաղն ԱԺ-ում սկսվելու են 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումները։ Ձեր կարծիքով՝ նոր կառավարությունը պատասխանատո՞ւ է նախորդի կատարածի համար։
– Ըստ էության՝ ֆորմալ առումով պատասխանատու է այնքանով, որ նոր կառավարությունը պարտավոր է շարունակականություն ապահովել, բայց իրականում ոչ մի բանով պատասխանատու չէ, որովհետև նոր կառավարության գործունեությունը որևէ առնչություն չունի նախկինի գործունեության հետ։ Բայց բոլոր դեպքերում հետաքրքիր է այնքանով, որ նոր կառավարության առաջին հնարավորությունն է՝ ներկայանալու, իրենց մոտեցումներն ու գնահատականները հնչեցնելու՝ նախկին 2017 թ. բյուջեի կատարողականի հետ կապված։ Ի վերջո, օրենքի պահանջ է, իրենք պարտավոր են դա կատարել։
– 2019 թ. բյուջեի նախագիծն ԱԺ-ում սովորաբար քննարկվում է աշնանը, իսկ այս տարի աշնանն ակնկալվում են արտահերթ ընտրություններ։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է՝ բյուջեի ընդունումը տապալվի։
– Չեմ կարծում։ Իհարկե, ոչինչ չի բացառվում, և տեսականորեն հնարավոր տարբերակ է։ Բայց Ազգային ժողովը պատասխանատու է բյուջեի ընդունման համար։ Մինչ այդ կառավարությունը պետք է ներկայացնի միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Ամեն դեպքում, մինչ արտահերթ ընտրություններն այս խորհրդարանում բոլոր տարբերակներն էլ չեն բացառվում՝ թե՛ տապալվելու, թե՛ ընդունվելու։
– Օրինակ՝ 1999 թվականին բյուջեն չէր հաստատվել։
– Չէ, բյուջեն ընդունվել էր, ուղղակի այդ ժամանակ բավականին մեծ քննարկումներ եղան դեկտեմբերին, երբ Ազգային ժողովի և կառավարության միջև հակասություններ կային, և դրանք հանգուցալուծվեցին Հանրապետության նախագահի մոտ։ Տարբեր մոտեցումներ ուներ խորհրդարանը՝ տնտեսության զարգացման ուղղվածության և բյուջեի մուտքերի ապահովման վերաբերյալ։ Օրինակ՝ կառավարությունն «օդի հարկը» մտցրեց, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ էր, Դավիթաշենի կամրջի ֆինանսավորման հարցն էր, որ կառավարությունը չէր ուզում բյուջե մտցնել, իսկ «Հանրապետություն» խմբակցությունը պարտադրեց, և կոմպրոմիսային որոշում ընդունվեց, որի արդյունքում բյուջեն ի վերջո ընդունվեց։