Բաժիններ՝

«Երբ այսօրվա երիտասարդներին մատուցում ենք որոշակի ստանդարտացված կրթություն, ապա սա ուղղակի կրթության ձախողում է». Սերոբ Խաչատրյան

Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով ստեղծվել է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն», որը ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ:

Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։ Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Այս մասին ասօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ հայտնեցին այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամներ՝ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանը, կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Անդրադառնալով նորաստեղծ միության կողմից ոլորտի առաջնահերթ խնդիրների տարբերակման հարցին և դրանց լուծման հնարավոր թիրախներին՝ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ այլընտրանքային հանրակրթության հարթակների ստեղծումը Հայաստանի համար շատ կարևոր է, հատկապես, երբ մեր երկրում դեռևս շարունակում է արդիական մնալ այն հնացած մոդելը, ըստ որի՝ կրթությունն արտադրական պրոցես է.

«Երևի հիշում եք «Փինք Ֆլոյդի» երգի այն տեսահոլովակը, որտեղ պատկերված է, թե ինչպես են բոլորը մեկ մարդու նման շարքով գնում մսաղացի մեջ մտնելու: Ցավոք սրտի, այսօր գործող դպրոցների և բուհերի շատ տնօրենների և ռեկտորների բառապաշարում դեռ շարունակում է մնալ՝ մեր բուհը կամ դպրոցը «թողարկում է շրջանավարտներ» հասկացողությունը, իսկ իմ կարծիքով՝ մարդուն պարզապես հնարավոր չէ թողարկել: Այլընտրանքային հանրակրթությունն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս օգտագործել մարդկանց՝ երեխաների ու մանկավարժների միջև եղած տարբերությունները՝ որպես զարգացման հնարավորություն»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է՝ երբ Հայաստանում նայում ենք նոր սերնդի աշակերտներին և ուսանողներին, նկատում ենք նրանց ընդգծված անհատականությունն ու տարբերությունը, համարձակությունն ու ինքնուրույնությունը: Հետևաբար, երբ այս տեսակի, այսինքն՝ այսօրվա երիտասարդներին մատուցում ենք որոշակի ստանդարտացված կրթություն, ապա սա ուղղակիորեն կրթության ձախողում է.

«Եթե ես դասարան եմ բերում միայն 36 համարի հագուստ, իսկ մեր կրթական ծրագիրը հիմա հենց դա է պարտադրում, ապա բոլոր այն երեխաները, ովքեր 32, 38, 40 կամ 45 համարի հագուստ են հագնում, ինքնաբերաբար դուրս են մնում կրթական ծրագրերից, որի արդյունքում էլ ստացվում է, որ մեր ազգային ներուժը պարզապես վատնվում է:

Շատ դիպուկ նկատեց պարոն Բլեյանը, երբ ասաց, որ նմանօրինակ հաստատություններում երեխաները ոչ թե սովորում, այլ ուղղակի նստում են, հետևաբար՝ նրանք չեն զարգանում, անհատական աճ չի գրանցվում: Այս իմաստով շատ կարևոր է, որ այն դպրոցները, որոնք իրականացնում են նորմալ կրթական ծրագրեր, կիրառեն այլընտրանքային կրթական մեթոդները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս