«Հայաստանի բոլոր արտաքին գործընկերները սպասելու են ուղերձների»

Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ՝ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: «Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Դոնալդ Թրամփի ուղերձը խանդավառությամբ ընդունվեց հայ հասարակության և քաղաքական շրջանակների կողմից, որոնք Փաշինյանի իշխանության օրոք հայ-ամերիկյան հարաբերություններից շատ ավելի մեծ սպասելիքներ ունեն, հատկապես, երբ ԱՄՆ-ը նախագահի մակարդակով ուղերձ է հղում հայկական կողմին, որ պատրաստ է համագործակցության և ճանաչում է Փաշինյանի իշխանությանը: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ Սոչիում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցրեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հայ հասարակությունում կոնսենսուս կա, և իր իշխանությունը չի պատրաստվում վերանայել հայ-ռուսական հարաբերությունների խորությունը, ինչը մի շարք հայ փորձագետների կողմից որակվեց՝ որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության փոքր-ինչ խախտում հօգուտ Ռուսաստանի, որը պետք է շուտափույթ ուղղվի: Գաղտնիք չէ նաև, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում իր եվրասիական գործընկերների արևմտյան նկրտումներին:

«168 Ժամի» հետ զրույցում «Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին անդրադարձավ Սոչիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշումներին, ամերիկյան ակնկալիքներին ու այս ուղղությունների համադրելիությանը:

Փոլ Սթրոնսկին ասաց, որ իր համար ամենևին էլ անակնկալ չէին Փաշինյանի հայտարարությունները Սոչիում, քանի որ ավելի վաղ ՀՀ վարչապետը պնդում էր, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը փոփոխությունների չի դիմելու: Սա, ամերիկացի վերլուծաբանի գնահատմամբ, տրամաբանական է, որը հասկանում են Հայաստանի բոլոր գործընկերները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները:

«ԱՄՆ նախագահի շնորհավորանքը ցույց տվեց, որ Հայաստանի նոր իշխանությունն ունի Վաշինգտոնի աջակցությունը բոլոր կարևոր ուղղություններում: Վերջին տարիներին ԱՄՆ-ի աշխատանքը Հայաստանում կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Հենց այս հանգամանքներն էլ շեշտվեցին հասկանալի պատճառներով:

Թրամփի շնորհավորանքն ազդակ էր, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցություն բոլոր ուղղություններով, և Հայաստանի շահերը հաշվի կառնվեն: Բայց սա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը Հայաստանից ունի անիրականանալի ակնկալիքներ: Հասկանալով Հայաստանի յուրահատուկ աշխարհագրությունը` հայ-թուրքական փակ սահմաններ, ԼՂ չկարգավորված հակամարտություն, Միացյալ Նահանգները Հայաստանում որևէ գործչից չի ակնկալել և ներկայումս ևս չի ակնկալում շրջադարձեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին ընկալելի է Միացյալ Նահանգների տեսանկյունից: Հասկանալի է, որ ընդհանուր առմամբ շարունակվելու է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը նաև այն պատճառով, որ իշխանության ու ընդդիմության շարքերում իսկապես կա կոնսենսուս այս քաղաքականության վերաբերյալ:

Նախորդ իշխանությունները փորձեցին վերականգնել խախտված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ Եվրամիության հետ համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրելով: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի նման երկրի պարագայում սա հեշտ խնդիր չէ, իշխանությունը բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար մի շարք խոչընդոտների մասին է մտածում և հաղթահարում»,- նման տեսակետ հայտնեց Սթրոնսկին:

Ամերիկացի վերլուծաբանը հույս հայտնեց, որ Փաշինյանն իսկապես կկարողանա ժամանակ հատկացնել արտաքին քաղաքականությանը, քանի որ արտաքին դերակատարները որոշ ակնկալիքներ ունեն ՀՀ նոր իշխանություններից, ցանկանում են հասկանալ, թե ինչպես է տրամադրված Փաշինյանը համագործակցությունների հարցում: «Հայաստանի բոլոր արտաքին գործընկերները սպասելու են ուղերձների»,- ասաց Սթրոնսկին:

Ամերիկացի մեկ այլ վերլուծաբան՝ Փոլ Գոբլը, ասաց, որ Թրամփի հայտարարությունում ամրագրված էր ամերիկյան կողմի ցանկությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տրամադրված է աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ, հատկապես, երբ հայաստանյան զարգացումներին ռուսական չմիջամտությամբ հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում փոքր-ինչ կթուլանա: Եթե այս հնարավորությունն իրագործվի, Գոբլի խոսքով՝ հնարավոր կլինի մեծ ձեռքբերում արձանագրել:

«Մի շարք մտավախություններ կային: Դրանցից առաջինն այն էր, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությանը, սակայն Ռուսաստանը չարեց նման բան, քանի որ էլ ավելի մեծ հակառուսական ալիք կբարձրացներ իր դեմ Հայաստանում` դրանով իսկ փոքրացնելով նոր ընտրվելիք իշխանությունների` Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունները և ցանկությունը, Ռուսաստանի միջամտությունն է՛լ ավելի կամրապնդեր Հայաստան պետությանը, որը Ռուսաստանն անել չցանկացավ, և դա ճիշտ որոշում էր, քանի որ վստահ չեմ, որ միջամտությունը կհասներ իր նպատակին:

Մտավախություն կար նաև, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից կփորձեն օգտվել Թուրքիան և Ադրբեջանը՝ սրելով իրավիճակը Ղարաբաղյան ճակատում, դրա վտանգը լիովին անցած չէ, քանի որ Հայաստանում շարունակվում է անցումային փուլը, և գերտերությունները պետք է ուշադիր լինեն, որպեսզի աշխարհում առկա մյուս մարտահրավերներին չավելանա ևս մեկը: Ավելին, այս տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով մեղմվի աշխարհի այլ անկյուններում գոյություն ունեցող մարտահրավերների հաղթահարումը»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը պետք է անի առավելագույնը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի կործանարար ազդեցությունը թուլացնելու նպատակով:

Խոսելով Սոչիում Փաշինյանի հայտարարություններից` Գոբլն ասաց, թե ակնհայտ է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է պահպանվեին: Ըստ նրա՝ Ռուսաստանի ազդեցության նվազեցում ասելով՝ նկատի ունի այն բացասական երևույթները, որոնք արմատանում են հարավկովկասյան երկրներում Ռուսաստանի արատավոր քաղաքականության հետևանքով:

Ըստ նրա՝ դրանցից մեկը զենքի վաճառքն է հակամարտող կողմերին, ընդլայնվող ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում: «Ռուսաստանի նկատմամբ որոշ լծակներ պահպանելով՝ Հայաստանը կկարողանա ավելի արդյունավետ ու անվտանգ արտաքին քաղաքականություն ունենալ: Տեսնենք, թե ինչպես նոր իշխանությունները կկարողանան անդրադառնալ այդ հարցերին»,- ասաց Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս