«Շատ հարմար պահ է՝ սա օգտագործել ղարաբաղյան խնդրի առաջմղման համար». Արման Նավասարդյան
«Հանդիպումը հաջող էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցի մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ըստ նրա՝ այցը հաջող էր, որովհետև այն տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո. «Նման փոփոխությունները միջազգային հարաբերություններում միշտ իրենց հետ բերում են և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ, մանավանդ նկատի ունենալով այն քաղաքական իրավիճակը, որ այսօր տիրում է տարածաշրջանում: Առաջին տպավորությունս այն է, որ պլյուսով դուրս եկավ այսօրվա մեր իշխանությունը»:
Ա. Նավասարդյանը նկատեց, որ Ն. Փաշինյանի ընտրվելուց տառացիորեն մի քանի ժամ հետո Վլադիմիր Պուտինը շնորհավորեց նրան, ինչը, ըստ դեսպանի, շատ հետաքրքիր քաղաքական ֆենոմեն է. «Որովհետև դրան զուգընթաց՝ գնում էր շատ ուժեղ ճնշում հեղափոխականների վրա խորհրդարանի պատերից ներս՝ տարբեր մեղադրանքներով, հատկապես՝ Ռուսաստանի ուղղությամբ, ասվում էր՝ դուք ամեն ինչ անում եք մեզ ՌԴ-ից կտրելու և ՌԴ-ն մեզ հետ բախելու համար: Ես կարծում եմ՝ հենց այդ ընդդիմախոսները, որոնք նման դիրքերից էին հանդես գալի, հենց իրենք նպաստում էին դրան»:
Բանախոսի դիտարկմամբ՝ այս ամենից հետո Սոչիում տեղի ունեցած հանդիպումը լավ տպավորություն թողեց. «Ես ուշադիր նայեցի, հատկապես՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովում Ն. Փաշինյանի ելույթը: Կարծում եմ՝ ճիշտ շեշտադրություն էր շնորհավորելը, հիշելը Հայրենական պատերազմը: Սա ցուցանիշ է արտաքին քաղաքականության դրսևորումների նկատմամբ: Նորից նա ասաց այն, որ ստրատեգիական բարեկամության շրջանակներում կան խնդիրներ: Սա շատ կարևոր է, որովհետև իրոք կան խնդիրներ: Ըստ երևույթին, Փաշինյանն այն քաղաքական գործիչներից է, որ պետք է այս բոլոր հարցերը շատ լուրջ դնի քննարկման: Եվ նկատի ունենալով այն հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ հարմար ժամանակ է լուծելու այն հարցերը, որոնք հուզում և հետաքրքրում են Հայաստանին:
«Ե՛վ-և՛»-ի քաղաքականությունը շարունակվելու է, ինչը շատ լավ է, բայց նաև պետք է շարունակվի մի շատ հետաքրքիր նյուանս, որ երկրի ղեկավարն այսօր հանդես է գալիս հայաստանակենտրոն դիրքերից: Սա շատ լավ և ողջունելու քաղաքական գիծ է: Այսինքն՝ այն, ինչ խանգարում է և՛ ՌԴ-ի, և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, կարծես դրանց նկատմամբ տեղի են ունենում շտկումներ: Այն, ինչ տեղի ունեցավ, էքստրաօրդինար քաղաքական երևույթ է, որն անպայմանորեն պետք է իր հետ բերի նկատելի դիվիդենտներ»:
Ա. Նավասարդյանը ճիշտ քայլ է համարում Ն. Փաշինյանի փոքր հանրահավաքը Սոչիում, որովհետև ներգաղթի հարց է դրված. «Հիմա մեզնից որ մեկն էլ ինչ համայնքում հայտնվի, պետք է այդ քաղաքական գիծը տանի, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք: Վերջին 10 տարում 400 հազար մարդ է դուրս եկել, հանրապետությունն այսօր արնաքամ է լինում»:
Անդրառնալով հարցին, որ Ն. Փաշինյանն Արցախում խուսափեց Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հարցից, Ա. Նավասարդյանն ասաց. «Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության ամենամեծ վրիպումներից մեկը Մադրիդյան սկզբունքներն էր: Գնալով այդ ճանապարհով՝ մենք կարող ենք մտնել փակուղի, ինչպես և մտել ենք: Փաշինյանը, ըստ երևույթին, դա լավ է հասկանում, և պետք է այստեղ կտրուկ փոփոխություն լինի: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը և Ադրբեջանը դադարել են տարածքային խնդիրներ լուծել, Ղարաբաղյան ինքնորոշման խնդիրները լուծել: Սա արդեն դուրս է գալիս այդ շրջանակներից: Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, այսօրվա դրությամբ իրագործում է հայասպան քաղաքականություն:
Այդ մարդն ասում է՝ պետք է գամ, ամբողջը գրավեմ, իմ հողերը հետ վերցնեմ, թե դա ինչքանո՞վ է ցնդաբանություն, ես կասկածում եմ, որովհետև սրա տակ կան շատ հեռուն գնացող ծրագրեր: Այս իրադրությունում չփոխել բանակցությունների ձևաչափը, կարծում եմ՝ ոչ մի տեղ չենք հասնի: Հիմա լավ պահ է դրա համար:
Հայաստանը հիմա այնպիսի մի բարձունքի է հասել միջազգային ասպարեզում, որ շատ հարմար պահ է՝ սա օգտագործել ղարաբաղյան խնդրի առաջմղման համար: Կա Ադրբեջան, որն իրոք շատ վատ վիճակում է գտնվում, և կա Հայաստանը, որը տարածաշրջանում կարծես հայտնվում է՝ որպես դեմոկրատիայի կղզյակ: Այս իրադրության մեջ և՛ Ռուսաստանն է ստիպված լինելու մեզ լավ նայել, և՛ նույն Արևմուտքը: Այդ պահից պետք է օգտվել»: