Բաժիններ՝

Սպանություն Տավուշում. սպանվածը պայմանագրային զինծառայող է

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Դեպքի վայրի զննությամբ քննչական-օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերել էր ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ՝ մոխրացած դիակ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանն է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված 1980թ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 16-ին համագյուղացիները միասին մասնակցել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղին հարակից «Չնգիլ» կոչվող տարածքում կազմակերպված հացկերույթին։ Ապա՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 38-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրեժի և խանդի շարժառիթներով վիճաբանել է համագյուղացու հետ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա դեմքի ու գլխի տարբեր հատվածներին, այնուհետև անգիտակից վիճակում նրան տեղափոխել է «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և մեքենան վարել Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ուղղությամբ։ Ցանկանալով վթարի նմանակում ստեղծել՝ 38-ամյա տղամարդը համագյուղացու մարմինը տեղավորել է վարորդի նստատեղին և մեքենան գլորել ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածի հարակից ձորակը, ապա իջել ավտոմեքենայի մոտ, ծխախոտի այրվող տուփը նետել ավտոմեքենայի սրահի մեջ և հրկիզել։ Քննության տվյալներով՝ ավտոմեքենան այրելու ժամանակ տուժողը դեռևս ողջ է եղել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս