
«Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրաման կտա, հանցագործ կլինի իր ազգի դեմ». Հրանտ Թոխատյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով, սակայն արդեն այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի չկայացած երկխոսության ֆոնին հանրապետությունում կրկին լարված մթնոլորտ է:
Այս պահին հանրապետության տարբեր հատվածներում, ինչպես նաև Երևանում վերսկսվել են խաղաղ անհնազանդության ցույցերը, միաժամանակ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկանական զորքեր են տեղակայված: Քիչ առաջ այստեղ բերվեցին նաև փշալարերի մեքենաները, ռազմական և այլ ոստիկանական տեխնիկա: Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը:
«Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում իշխանության և ընդդիմության հարաբերություններում, անհնար է թույլ տալ, որ հանկարծ բախում լինի, ոչ մի կերպ չի կարելի նման զարգացում թույլ տալ,- 168.am-ի հետ զրույցում հայտնում է դերասան Հրանտ Թոխատյանը՝ հավելելով,- Ես հենց հիմա գնում եմ այնտեղ: Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրաման կտա, հանցագործ կլինի իր ազգի դեմ»: