«Սարգսյանը նման որոշում կայացրեց՝ ելնելով խնդիրների մի ողջ կոմպլեքսից, այդ թվում՝ արտաքին քաղաքական». Տրոֆիմչուկ

«Վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշմանը:

Նշենք, որ հաղորդագրության մեջ Ս. Սարգսյանը նշել էր. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։

Տրոֆիմչուկը նկատեց` ուշագրավ է, որ Հայաստանի մի շարք հակառակորդներ ՀՀ իշխանություններին չափազանց արմատական էին որակում, մինչև անգամ՝ կիսաֆաշիստական, այնինչ իշխանություները դժվար պահին արմատական միջոցների չգնացին: Նրա որակմամբ, սա, օրինակ, Ադրբեջանի համար սենսացիա է:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կշռադատեց ողջ իրավիճակը և նման որոշում կայացրեց՝ ելնելով խնդիրների մի ողջ կոմպլեքսից, այդ թվում և՝ արտաքին քաղաքական: «Արտաքին քաղաքական պատճառների շարքին կարելի է միանշանակորեն դասել ՀՀ Սփյուռքի դիրքորոշումը, որն ակտիվություն ցուցաբերեց, այդ թվում՝ ՌԴ տարածքում: Սա ամենահետաքրքիր գործոններից մեկն էր, որը համարյա թե որոշիչ դերակատարություն ունեցավ, քանի որ ներկայումս հնարավոր չէ հստակ պնդել` ովքեր էին այս գործընթացում մեծ թիվ կազմում` դրսից եկած հայե՞րը, թե՞ երկրում մշտական բնակություն ունեցող հայերը: Արտաքին քաղաքական պատճառների թվին կարելի է դասել նաև Ռուսաստանի դիրքորոշումը, որը չմիջամտեց ներհայաստանյան գործընթացին՝ ի հակառակ մի շարք ակնկալիքների: Բացի դրանից՝ Սարգսյանն ինչ-որ պահի հասկացավ, որ չի կարող հույսը դնել նաև Արևմուտքի աջակցության վրա»,- նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:

Բայց, ռուս քաղաքագետի խոսքով, Սարգսյանի հրաժարականն արդեն գլխավորը չէ: Գլխավորը, ըստ նրա, այն սպառնալիքն է, որը կարող է հայ-ռուսական ինտեգրացիայի ուղղությամբ առաջանալ, քանի որ բողոքողները, ինչպես մի որոշ ժամանակ առաջ Տրոֆիմչուկը նշել էր, ունեն իրենց սեփական տեսակետը և՛ այդ հարցի, և՛ Գյումրիում ռուսական բազայի վերաբերյալ, որտեղից նրանք սկսեցին իրենց երթը: «Այս ալիքի վրա հակառուսական կարգախոսներ սկսեցին ավելի շատ լինել»,- նկատեց նա:

Վերլուծաբանը նաև նշեց, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը, բնականաբար, հույս ուներ պահպանել սեփական բարենպաստ կյանքը, ուստի որոշեց հրաժարվել:

«Բայց վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ-ի և նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է: Նրանք պետք է մտածեն նաև իրենց ապագայի մասին, քանի որ ՀՀ իշխանությունների կոնֆիգուրացիան կարող են փոխել մարդիկ, որոնք հեռու են Նիկոլ Փաշինյանից:

Ողջ Հարավային Կովկասի կոնֆիգուրացիան ևս կարող է փոփոխվել: Եթե խոսենք այն մասին, թե կկարողանա՞ այս նոր իրավիճակը ՀՀ քաղաքացիներին ավելի հարուստ ու երջանիկ դարձնել, ապա պետք է ուղիղ պատասխանել, որ՝ ոչ, չի կարողանա, և շուտով մարդիկ դա կզգան, որ ավելի վատ է, ինչպես հետսովետական տարածքում ոչ մեկ անգամ է պատահել:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, ցավոք սրտի, նշանակություն չտվեցին հայկական պրոտեստների այն շղթային, որոնք հերթով տեղի էին ունենում, օրինակ` ռուս զինվորականի կողմից Գյումրիում հայ ընտանիքի սպանությունից հետո, «էլեկտրամայդանը», և այլն»,- նշեց Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս