«Փաշինյանի դիրքորոշումն իշխանություններին այլ տարբերակ չի թողնում, քան բանակցություններին այլընտրանքը». Մարտիրոսյան
168.am-ի զրուցակիցն է բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք դժվար է բանակցություն որակել, որովհետև սկսվեցին և ավարտվեցին վերջնագրերով, որից հետո Փաշինյանն ու իր թիմակից պատգամավորները բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
– Չեմ կարող գնահատել մի բան, որը չի եղել, խոսքը բանակցությունների մասին է: Կողմերը ևս մեկ անգամ հրապարակային կերպով առաջ մղեցին իրենց դիրքորոշումները, որով բանակցային հարթության մեջ լուծումների փնտրտուքն անհնար դարձրին: Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իրավիճակը սեփական կողմնակիցներին և բողոքական ընտրազանգվածին ցույց տալու համար, որ նա չի գնում զիջումների, որ իր դիրքորոշումն անփոփոխ է, և ոչ մի փակ բանակցություն նա չի պատրաստվում վարել: Այս դիրքորոշումն իշխանություններին այլ տարբերակ չի թողնում, քան բանակցություններին այլընտրանքը:
– Բանակցային ի՞նչ սխալներ թույլ տվեցին կողմերը։
– Դժվար է խոսել սխալներից: Մեր առջև փոխբացառող դիրքորոշումներով կողմերի դասական դեպք է զրոյական արդյունքով խաղում` անհապաղ հրաժարական և վարչապետի կողմից հավաքի առաջադրած թեկնածուի նշանակում՝ մի կողմից, օրենք չհարգող քաղաքացիներ` մյուս: Միակ տարբերությունն այն է, որ բողոքի ակցիաների առաջնորդները հրաժարվել են ուժային մեթոդներից: Ստացվել է ՉԵ (նրանցից ոմանք նույնիսկ ռազմական հագուստով էին) Գանդիի մեթոդներով:
Հղումները Մանդելային համոզիչ չեն, քանի որ նա հենց սկզբից, ազատ արձակման առաջին օրից Ռոբեն կղզու բանտում 27 տարի միայնակ ազատազրկումից հետո որոշեց, որ բնակցություններ պետք է վարի սպիտակամորթ փոքրամասնության հետ, «սատանայի» հետ՝ չնայած այս հարցի շուրջ Աֆրիկայի Ազգային Կոնգրեսում առկա տարաձայնություններին: Մանդելան գիտակցում էր, որ, եթե նույնիսկ ԱԱԿ-ն գնա ապարտեիդական ռեժիմի ոչ բռնի ուժով փոփոխությանը, բռնությունից խուսափել հնարավոր չի լինի: Իսկ բռնության վրա հնարավոր չէր լինի կառուցել հաջողակ երկիր՝ իր ՀԱՀ տեսլականի համաձայն:
Ավելի անհասկանալի են 1989 թվականին Չեխոսլովակիայում «թավշյա հեղափոխության» պատմական ակնարկները: Այն ժամանակ կոմունիստական ռեժիմը սնանկացավ ոչ միայն Չեխոսլովակիայում և Արևելյան Եվրոպայի երկրներում, այլև՝ հենց ԽՍՀՄ-ում: Ինչու մենք պետք է հղում կատարենք Չեխոսլովակիայի փորձին, եթե հենց Հայաստանում 1990 թվականի մայիսին անցկացվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ, որտեղ առաջին անգամ մեծամասնությունը հայտնվեց ոչ կոմունիստների ձեռքում:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա նույնիսկ պատանդներով ճգնաժամային իրավիճակներում դրանք կարող են լինել հաջող, եթե կողմերը կառուցում են իրենց փոխադարձ դիրքավորումը, այսինքն` կողմը պետք է հավատա, որ իր առջև բանակցող է, որն ունակ է խնդրին լուծում գտնել, այլապես բանակցելն անիմաստ է:
Դրան նույնիսկ մոտ ոչինչ չեղավ «Մարիոթում»: Սրան պետք է հետևի այն, որ կողմերը պետք է ամրագրեն ինչ-որ ընդհանուր հետաքրքրություն, որը չի կարող բավարարվել, եթե նրանք բանակցային սեղանից հեռանան, օրինակ` ոչ մեկը չպետք է մահանա:
Այս ամենից հետո կողմերն ակտիվ և ուշադիր կերպով պետք է լսեն միմյանց, վերստուգեն մյուս կողմի հետաքրքրությունների վերաբերյալ իրենց ենթադրությունները, որպեսզի տեղի ունենա տարբերակներ գտնելու ստեղծագործական որոնում: Այս փուլում ընթանում է տարբերակների մշակում առանց պարտավորությունների: Եվ միայն այն բանից հետո, երբ կողմերը տարբերակ են գտնում, որը արդարացի է, քանի որ համապատասխանում է օբյեկտիվ չափանիշերի, և լավ է լուծում տարաձայնությունները, քան կողմերի այլընտրանքները` բողոքի ակցիաների շարունակություն և զսպման ուժային մեթոդներ, նրանք պարտավորություն են ստանձնում: Այդ աշխատանքը պահանջում է լռություն:
Կողմերի կողմից բանակցային սեղանի շուրջ տեղեր զբաղեցնելուց առաջ ես համարյա թե 100 տոկոսով վստահ էի, որ բանակցություններ չեն լինելու: Նման թեմաների շուրջ բանակցությունները պահանջում են լռություն և ոչ մի հանրայնություն:
Այդպես է պայմանավորվել Մանդելան, այդպես է պայմանավորվել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմից հետո Կոլումբիայի նախագահ Սանտոսը։
– Ի՞նչ պետք է անեն իշխանությունը և ընդդիմությունը՝ ճգնաժամից խուսափելու ու իրավիճակից հնարավորինս անհետևանք դուրս գալու նպատակով։
– Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի ելքը ճգնաժամից: Բայց դա ժողովրդավարական գործընթացի համար կորուստներով է ընթանալու: Իշխանությունների առջև չափազանց բարդ խնդիր է ծառացել` վստահության ձևավորում բողոքական ընտրազանգվածի մոտ, որը շարունակում է աճել: Նրանք դա պետք է անեն ոչ թե զրոյից, այլ մինուսային դիրքից:
Ընդդիմությունը պետք է գտնի քաղաքական պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ իշխանության փոփոխության հարցը Հայաստանում լուծվելու է հաջորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Դրա համար ընդդիմությունից ևս ոչ պակաս բարդ խնդիր է պահանջվում լուծել, անել այնպես, որ ընտրողները ձայնը չվաճառեն 10 հազար դրամի դիմաց: Սրանք շատ ավելի բարդ քայլեր են, քան վուվուզել փչելը, փողոցներ փակելը կամ ազդանշաններ սեղմելը:
Դրա համար ընտրողը պետք է հավատա ընդդիմության, նրա առաջնորդների և ծրագրերի քաղաքական կայացածությանը: Իշխանության գործունեությանն ուղղված կառուցողական մշտական քննադատության «Ստվերային կառավարության» աշխատանքը քայլ է երկարաժամկետ, բովանդակության տեսանկյունից որոշակի կարգուկանոն և որակ պահանջող, բայց համակարգային փոփոխությունների համար միակ ճշմարիտն է: Մնացած բոլորը, այսպես կամ այնպես, կհանգեցնեն Հայաստանում բռնության՝ պետականության համար անուղղելի հետևանքներով: