ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին

Հարց. Պարոն նախարար վերջին օրերին արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առջև ցույցեր են կազմակերպվել: Ինչպես եք վերաբերվում նման երևույթին:

Պատասխան. Անշուշտ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը և դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան:

Հարց. Պարոն նախարար, վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադառնում են նաև արտերկրում, դրանք հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն և անդառնալի է։

Այդ համագործակցության արդյունքում է նաև, որ սահմանադրական բարեփոխումները և նախորդ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացան միջազգային կառույցների հիմնականում բավական դրական գնահատականների: Հենց դրանց արդյունքում է, որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:

Մեր երկրում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետևողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։

Գուցե այդքան էլ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել, այնուամենայնիվ, որո՞նք են այն երկրները, ուր կարող է հանդուրժելի համարվել տևական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, կրթօջախներ, պետական հիմնարկներ և այլ հաստատություններ ներխուժելու փորձերը, նրանց բնականոն աշխատանքի խաթարումը, հանրային ու մասնավոր գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը և այլն:

Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի և գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են:

Ինչ վերաբերում է միջազգային մամուլի արձագանքին, ապա Դուք ճիշտ եք` բավական անդրադաձ եղել է: Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Սա էլ է կարևոր ցուցանիշ:

Կամ վերցնենք համացանցի ու սոցիալական ցանցերի ազատ գործունեությունը, Հայաստանում աշխույժ քաղաքացիական հասարակության առկայությունը, որը ձևավորվել է հենց վերջին տարիներին: Այս ամենը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության շնորհիվ և բազմիցս արժանացել է մեր միջազգային գործընկերների գնահատանքին:

Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղհասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են:

Տեսանյութեր

Լրահոս