Hyperloop Transportation Technologies-ն իր առաջին առևտրային կայանքը կկառուցի ԱՄԷ-ում
Միացյալ Նահանգների Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերությունը եւ Էմիրությունների Aldar Properties դեւելոպերը համաձայնագիր են կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Hyperloop օդաճնշական գերարագ տրանսպորտային համակարգի մայրուղու կառուցման վերաբերյալ: Ապրիլի 19-ին այս մասին հայտնել է «Նեշնլ» թերթը՝ վկայակոչելով HTT-ի ներկայացուցչին:
Ըստ թերթի տեղեկատվության՝ Աբու Դաբիի եւ Դուբայի Էմիրությունների սահմանին կկառուցվեն երեք օբյեկտներ՝ Hyperloop բուն արագընթացիկ ցանցը՝ 10 կիլոմետր երկարությամբ, հետազոտությունների եւ մշակումների կենտրոնը, ինչպես նաեւ տուրիստական համալիր:
Ինչպես սպասվում է, շինարարական աշխատանքները կսկսվեն 2019 թվականին: Hyperloop Transportation Technologies-ն (HyperloopTT) այն մի քանի ընկերություններից մեկն է, որոնք աշխատում են Hyperloop տեխնոլոգիայի՝ ժամում մինչեւ 1200 կիլոմետր արագությամբ ընթացող պատիճախցիկներով ուղեւորների եւ բեռների փոխադրման համար վակուումային խողովակաշարի համակարգի իրականացման վրա, համակարգ, որը 2013 թվականին առաջարկել է Իլոն Մասքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: