Սեփականության վերաբաշխման ու քայլարշավների արանքում

Երկրի կառավարման քաղաքական համակարգի փոփոխության ընթացքում տնտեսության որևէ ոլորտ չարձագանքեց: Ազգային դրամն իր կայունությամբ ապացուցեց, որ «քաղաքականությամբ չի հետաքրքրվում»: Հոռետեսները կասեն, որ մեր տնտեսական կյանքը ոչ մի նյարդով կենդանության նշան ցույց չտվեց:

Իշխանամետներն այս փաստը կներկայացնեն՝ տնտեսության կայունության աներկբա ապացույց: Երկու կողմն էլ նույնքան ճիշտ ու նույնքան սխալ կլինեն: Ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենազարգացած երկրներում, պետական կերակրատաշտին մոտ գտնվողների փոփոխություն է ենթադրում:

Այսինքն՝ լայն իմաստով՝ սեփականության ու ունեցվածքի վերաբաշխում: Դա գիտեն բոլորը: Իսկ բոլորից առավել՝ մեր խորհրդարանի «գործարար պատգամավորները»: Կիսանախագահական ասվածից խորհրդարանական (իմա` վարչապետական) համակարգի անցնելու ընթացքում սեփականության հետագա վերաբաշխման շորշոփը հենց խորհրդարանում կարելի էր տեսնել:

Բոլորն էլ գիտեին, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու: Կողմ քվեարկելու էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Պատճառները, մոտիվացիան ու սպասելիքները հասկանալի էին: Միակ խորհրավորությունը, եթե այդ բառը կարելի է օգտագործել, «Ծառուկյան» դաշինքի վարքի հետ կարելի կլիներ կապել: Երբ այդ խմբակցության առաջատարներից մեկը հայտարարեց, որ՝ «Մենք խմբակցությունում որոշել ենք` կթողնենք յուրաքանչյուրի խղճին և գաղափարին, այսինքն՝ ազատ քվեարկության»:

Մի շտապեք եզրակացնել, որ պատգամավորների այս խումբը նախկինում իր «խղճին ու գաղափարին» դեմ է քվեարկել: Կամ էլ` քվեարկել է ոչ ազատ: Խորհրդարանական քվեարկություններին հետևողների համար միանգամից պարզ դարձավ՝ այս դաշինքի պատգամավորների այն հատվածը, որ քաղաքական կենսագրություն ունի, դեմ կքվեարկի:

Մյուս`«գործարար պատգամավորների» հոծ խումբը` կողմ կքվեարկի: Պարզ էր նաև, որ պատգամավորների այդ խմբի որոշ անդամներ չեն ներկայանա խորհրդարանական նիստին:

Չեն ներկայանա` խոհեմաբար հետևելով իրենց խմբակցության ազգանվադիր ղեկավարին: Տնտեսագետ փորձագետների համար այս իրավիճակը միանգամայն պարզ ու ենթադրելի էր: Այն, որ քաղաքական համակարգի ցանկացած փոփոխություն (ուր մնաց` անցում մի համակարգից մյուսին) ուղեկցվելու է տնտեսության ոլորտում ազդեցությունների փոփոխությամբ ու սեփականության վերաբաշխմամբ, մեր պատգամավորներն իրենց կյանքի փորձով գիտեն:

Այդ վերաբաշխումից հնարավորինս քիչ տուժելու ձգտումով են մեր «գործարար պատգամավորները» հայտնվում այս կամ այն կուսակցական ցուցակներում: Հայտնվում են ու ֆինանսավորում թե՛ ընտրությունների գործընթացը, թե, այսպես ասած, քաղաքական պատգամավորների աղքատ խավին: Համեմատական իմաստով աղքատ, ոչ թե՝ Ազգային վիճակագրության մշակած աղքատության չափանիշերի: Ոչ էլ «ոգու սով» կանխագուշակած պոետի տեսլականի:

Դասագրքային պնդումն ու սեփական կենսափորձն է պատգամավորաց դասին ստիպում նման վարք դրսևորել: Իսկ հիմա առավել զգուշանալու շրջան է: ՀՀ այլևս վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պաշտոնավարման շրջանում մտածելու է քաղաքական ժառանգների ու սերնդափոխության մասին: ԱԺ պաշտոնական կայք-էջում ուսումնասիրեք մեր պատգամավորների տարիքը: Փորձեք գտնել ոչ պատգամավոր մեծահարուստ գործարարների մասին տվյալներ: Գտեք ու կհամոզվեք, որ նրանք բոլորը համարյա հասակակիցներ են: Այսինքն՝ քաղաքական ու տնտեսական առաջին դեմքերը համարյա միասին են «ծերանում»:

Ասել է թե՝ դասագրքային փոփոխություններից զատ, մեզ նաև սերնդափոխություն է սպասվում: Քաղաքական որոշ հեռատես «ծերուկներ» իշխանական առաջին շարքերում հասցրել են դիրքավորել իրենց սիրասուն զավակներին: Իսկ նրանք արդեն խեթ-խեթ են նայում ձանձրալի «հոպարներին»:

Դրան գումարած՝ հարաբերականորեն երիտասարդ ու ընդդիմադիր քաղաքական գործիչները կոշտ պայքարի գործընթաց են սկսել` կոյուղաջրերից մինչև միջքաղաքային ու փողոցային քայլարշավներ: Իսկ երիտասարդությունը համբերատար չէ: Նրանց մի մասն արդեն չի սպասում նոր քաղաքական համակարգում իրենց «տեղ տալու»՝ վարչապետի խոստումներին: Չի սպասում ու փողոց է դուրս եկել: Ա՛յ թե հետաքրքիր ժամանակներ են սպասվում մեզ: Հացը, չգիտեմ, բայց տեսարանն ապահովված է:

Տեսանյութեր

Լրահոս