ԱՄՆ-ի Սենատում կարող են թույլատրել նորածինների բերել նիստերին. Politico
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացվել մի բանաձեւ, որի ընդունումը վերին պալատի անդամներին թույլ կտա անհրաժեշտության դեպքում նրա նիստերին գալ իրենց նորածին երեխաների հետ։
Ինչպես հայտնել է Politico հրատարակությունը, որպես հեղինակ է հանդես եկել Իլինոյսի նահանգից սենատոր-դեմոկրատ Թեմմի Դաքուորթը, որը դրա համար անձնական դրդապատճառ է ունեցել: Ապրիլի 9-ին սենատորը դուստր է ունեցել, որին անվանում են Մեյլի Փիռլ Բոուլսբի: Առաջիկա երեք ամսվա համար օրենսդիրը պլանավորում է արձակուրդ վերցնել երեխային խնամելու համար:
Ընդսմին Դաքուորթն ավելի վաղ հայտարարել է, որ, այդուամենայնիվ, պատրաստվում է կարեւոր օրինագծերի շուրջ քվեարկությունների ժամանակ կամ երբ իր ներկայությունն անհրաժեշտ է կուսակիցներին, հայտնվել Սենատում: Բայց նա չի կարող երկար ժամանակ մենակ թողնել դստերը:
«Ես չեմ կարող առաջին երեք ամիսներին երկար ժամանակով հեռու գտնվել իմ նորածին երեխայից»,-ասել է նա լրագրողներին: Դա էլ հենց օրենսդրին դրդել է բանաձեւի նախագիծ ներկայացնել հին կանոնի չեղարկման վերաբերյալ, որը սենատորներին արգելում է նիստերին գալ իրենց երեխաների հետ:
Դաուքորթի կարծիքով՝ այժմ այն միայն խանգարում է աշխատել պալատի՝ ծնող դարձած անդամներին: Նա առաջարկում է թույլատրել մեկ տարեկանից փոքր երեխաների ներկայությունը դահլիճում քվեարկությունների ժամանակ, որոնք հաճախ ձգձգվում են, քանի որ սենատորները չեն քվեարկում միաժամանակ, այլ իրենց որոշման մասին նիստերի քարտուղարներին ծանուցում են յուրաքանչյուրն առանձին: 50-ամյա Դաքուորթը ամերիկացի քաղաքական ու հասարակական գործիչ է, իրաքյան պատերազմի վետերան: Իր բանակային կարիերան նա սկսել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում՝ ավարտելով օդաչուական ուսումնարանը եւ դառնալով օդաչու:
2004 թվականի նոյեմբերի 12-ին նրա ուղղաթիռը խփվել է, ինչի հետեւանքով Դաքուորթը կորցրել է զույգ ոտքերը եւ այն ժամանավանից տեղաշարժվում է պրոթեզների օգնությամբ, իսկ երբեմն էլ՝ հաշմանդամի սայլակով: 2013-ից մինչեւ 2016 թվականը նա Ներկայացուցիչների պալատի անդամ էր, իսկ 2016 թվականին ընտրվել է Սենատում՝ դառնալով առաջին սենատորը, որը երեխա է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում: Politico-ի աղբյուրները նշում են, որ Սենատը, հավանաբար, կպաշտպանի այդ նախաձեռնությունը, թեեւ պալատի կանոնակարգն ու կանոնադրությունը խիստ հազվադեպ են փոխվում:
Այսպես, 1997 թվականին սենատորներին մերժել են նիստերի ընթացքում օգտվել նոութբուքերից: Միեւնույն ժամանակ Կոնգրեսի առանձին անդամներ գիշերելու են մնում իրենց աշխատասենյակներում՝ դրանով իսկ հարուցելով իրենց գործընկերների վրդովմունքը: Այդ կապակցությամբ վերջերս մի խումբ կոնգրեսականներ դիմել են Ներկայացուցիչների պալատի էթիկայի կոմիտեին՝ կոչ անելով կասեցնել այդ պրակտիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: