Ի՞նչ անել, որ Facebook-ը քիչ ինֆորմացիա հավաքի ձեր մասին
Facebook-ը վերջին շաբաթների գլխավոր նյուզմեյքերներից էր: Սոցիալական ցանցից տվյալների արտահոսքն անհանգստացրեց շատ-շատերին: Անգամ շատ խոշոր ընկերություններ պարզապես հեռացրին իրենց էջերը սոցիալական ցանցից:
Սոցիալական ցանցին անձնական տվյալներ չտրամադրելու հարցը կրկին ակտուալ դարձավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Cambridge Analytica ընկերությունն իր նպատակների համար օգտագործել է 50 միլիոն մարդկանց տվյալներ:
Առաջարկում ենք ծանոթանալ անձնական ինֆորմացիան սոցիալական ցանցում պահպանելու մի քանի տարբերակների:
Որպեսզի պահպանեք ձեր անձնական տվյլաները սոցիալական ցանցում, պետք է մաքրեք հաշիվը, անջատեք բոլոր ոչ պետքական ծառայությունները:
Առհասարակ, խորհուրդ է տրվում ամբողջությամբ ջնջել սոցիալական ցանցի հաշիվը, սակայն, եթե չեք ցանկանում կորցնել կապն ընկերների հետ, ապա կարող եք անել մի քանի քայլեր:
Մաքրեք հաշիվը
Նշելով, թե որտեղ եք աշխատում և որտեղ եք սովորել՝ դուք հաստատում եք նոր ծանոթություններ և գտնում եք հին ընկերներին, սակայն նաև տալիս եք ձեր մասին լրացուցիչ ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել որևէ ընկերության շահերի համար:
Ձեր հաշիվը շատ ու շատ բան է պատմում ձեր մասին, բայց դա հեշտ է ուղղել: Պարզապես անհրաժեշտ է կարգավորումների բաժնում խմբագրել հաշիվը և ջնջել բոլոր լրացուցիչ տեղեկությունները ձեր մասին, հետաքրքրությունների ցանկը, ինչպես նաև՝ էջերի լայքերը:
Այս տվյալները ջնջելուց հետո, սակայն, Facebook-ը չի դադարի դրանք օգտագործել. դրա համար պետք է ջնջել հաշիվը: Այս միջոցով կարող եք պահպանել ձեր տվյալները բոլոր այն ծառայություններից, որոնց միանալու եք հաշիվը խմբագրելուց հետո:
Հասցրեք ակտիվությունը նվազագույնի
Ձեր ցանկացած գործողությունը սոցիալական ցանցում գրանցվում է. հավանումները, մեկնաբանությունները, բացած հղումները և անգամ՝ միջոցառումների հանդեպ արտահայտած հետաքրքրությունը: Դրա համար էլ, եթե չեք ուզում, որ ծառայությունը հետևի ձեզ, ապա տվեք ձեր մասին քիչ ինֆորմացիա:
Ձեր կատարած գործողությունները նայելու համար կարող եք մուտք գործել գործողությունների մատյան և այնտեղ ջնջել կամ չեղարկել ամեն ինչ:
Բացի այդ, պետք է ջնջել սոցիալական ցանցի հավելվածը սմարթֆոններից և մյուս գադջետներից, քանի որ այդ հավելվածները պարունակում են տեղեկատվություն ձեր գտնվելու վայրի մասին: Կարգավորումների միջոցով կարող եք այնպես անել, որ ձեր ծանուցումները հասանելի լինեն էլեկտրոնային փոստի կամ հաղորդագրության միջոցով: Այս տարբերակով դուք ստիպված չեք լինի անընդհատ մուտք գործել սոցիալական ցանց:
Այս ամենից բացի, դուրս եկեք այն խմբերից, որտեղ ակտիվ չեք, ջնջեք ընկերներին, ում հետ չեք շփվում, և ակտիվորեն հրապարակումներ մի արեք:
Անջատեք կողմնակի հավելվածները
Նույն Cambridge Analytica-ը հավաքել էր օգտատերերի տվյալները կողմնակի ծրագրերի միջոցով: Կողմնակի ծառայությունները կարող են լինել հասարակ թեստերը, որոնք անցնելու համար պետք է կապել ծրագիրը ֆեյսբուքյան հաշվին: Որքան շատ կայքեր, ընդլայնումներ և հավելվածներ են միացված ձեր հաշվին, այնքան անապահով են ձեր տվյալները:
Պետք է կարգավորումների բաժնից ջնջել հաշվին կցված բոլոր ավելորդ կայքերն ու հավելվածները՝ թողնելով միայն նրանք, որոնք շատ կարևոր են ձեզ համար, և որոնց դուք վստահում եք:
Սա չի նշանակում, որ ձեր մասին արդեն հավաքված ինֆորմացիան չի օգտագործվի, բայց այս միջոցով դուք թույլ կտաք խուսափել ձեր անձնական տվյալների հետագա օգտագործումից:
Սիրարփի Աղաբաբյան