Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն անձանվորությունն է, ով կարող է Հայաստանն արժանի կերպով ներկայացնել միջազգային հարթակում: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիներին խոստումնալից ֆիզիկոս էր: 1990 ական թվականների սկզբին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում մեր դեսպանը: Հետագայում աշխատել է վարչապետի պաշտոնում: 2013 թվականին վերադարձել է Միացյալ Թագավորություն` որպես ՀՀ դեսպան: Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածուների մասին, եկանք այն եզրակացության, որ նա ամենահամապատասխան անձն է: Ռուսաստանում, Արևմուտքում, արաբական աշխարհում նա ունի ծանոթությունների լայն շրջանակ: Արմեն Սարգսյանը կարող է արժանի կերպով մեր երկիրը ներկայացնել միջազգային հարթակում: Խոսքը արտաքին քաղաքականությանը չի վերաբերում, այլ արտաքին կապերին: Դրանք տարբեր բաներ են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Արմեն Սարգսյանը հայկական Սփյուռքում բավական ճանաչված է: Հետևաբար, նա կարող է համախմբող դեր խաղալ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, փոխվում է կառավարման ձևը: Մինչև 2022 թվականը թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը հիմնականում կիրականացվի խորհրդարանական կոալիցիայի կողմից:

ՀՀ երրորդ նախագահը մեկնաբանել է նաև այն, որ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է` Սերժ Սարգսյանն ամենաարժանի թեկնածուն է Հայաստանի վարչապետի պաշտոնում:

«Իմ կուսակցական գործընկերներն աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկությանը, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ, այդ իսկ պատճառով իմ պատասխանատվություններին զուգահեռ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը խորհրդարանում հավանության կարժանանա, պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որը ես կուտակել եմ տարբեր տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան հանրապետականների շրջանում և կուսակցությունից դուրս: Մեզ համար նախատեսված է Հայաստանի համար մեծ և օգտակար աշխատանք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս