Բաժիններ՝

Forbes-ը հոդված է հրապարակել հայկական կոնյակի մասին

Forbes հայտնի պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում կոնյակագործության ավանդույթների և հայկական կոնյակի մասին։ Այն վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)։

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանը համարվում են գինու բնօրրանը։ Հայաստանում համոզված են, որ այստեղ կոնյակ արտադրել են դեռ 12-րդ դարից։ Հոդվածագիրը նշում է, որ այդ առումով հստակ ապացույցներ չկան, սակայն եթե այդպես է, ուրեմն Հայաստանում կոնյակի արտադրությունը մի քանի դար ավելի շուտ է սկսվել, քան Իսպանիայում և Ֆրանսիայում։

19-րդ դարի վերջին Հայաստանում կոնյակի արտադրությունը սկսեց ծաղկում ապրել։ Հոդվածագիրը նշում է, որ հայ կոնյակագործները օգտագործեցին կոնյակի նկատմամբ Ռուսաստանում աճող պահանջարկը։ «Հայկական բրենդին նույնպես կոչվում էր կոնյակ (Kanyak). մինչ օրս էլ այդ խմիչքը այդպես են անվանում Հայաստանում, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում»,- նշվում է հոդվածում։

Կարճ ժամանակի ընթացում մեկ արտադրող՝ Նիկոլայ Շուստովը, իրավունք ստացավ իր արտադրանքը անվանել կոնյակ (Cognac)։ Շուստովը Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ ցարի պաշտոնական մատակարարն էր։ Նրա ընկերության՝ «Շուստով և որդիներ»-ի հիման վրա հետո ստեղծվեց Երևանի կոնյակի գործարանը, որն այժմ Հայաստանի խոշորագույն կոնյակ արտադրողն է։

1900 թվականին Փարիզում տեղի ունեցած ցուցահանդեսում, կույր գնահատման արդյունքում, «Շուստով և որդիներ»-ի արտադրանքը համարվեց լավագույն բրենդին՝ առաջ անցնելով Կոնյակ քաղաքի արտադրողից և իրավունք ստանալով արտադրանքը կոնյակ անվանել։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ իրավունքը վերացվեց, և, ինչպես նշվում է հոդվածում, արդեն անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010-ականների փորձում էր Եվրամիությունից թույլտվություն ստանալ կոնյակ անվանումը օգտագործելու համար, սակայն ապարդյուն։

Հոդվածում խոսք է գնում նաև այն պատմության մասին, որ 1944 թվականին Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին հայկական կոնյակ է հյուրասիրում, և վերջինս այնքան է հավանում կոնյակը, որ Ստալինին խնդրում է իրեն պարբերաբար հայկական կոնյակ առաքել։ Սակայն հոդվածագիրը նշում է նաև, որ Չերչիլի պաշտոնական կենսագիրները չեն հաստատում այդ տեղեկությունը։

Հոդվածի վերջին մասը գրեթե ամբողջությամբ նվիրված է Երևանի կոնյակի գործարանին։ Նշվում է, որ 1994 թվականին գործարանը վաճառվեց ֆրանսիական Pernod-Ricard-ին։ Այսօր այն ամենատարածված արտահանվող կոնյակի բրենդն է, արտահանվում է ավելի քան 20 երկրներ։

Նյութի հեղինակը առանձնացրել է նաև 2 կոնյակներ՝ 10 տարեկան Ararat Akhtmar և 10 տարեկան Kilikia, XO Extra, և ներկայացրել դրանց բնութագրիչները։ Հոդվածագրի համար այս երկուսը առանձնացել են գին-որակ իդեալական համադրությամբ, թեպետ նա խոստովանում է, որ այդ կոնյակները գտնելու համար պետք է ջանքեր գործադրել։

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս