Ինչո՞ւ է սրվել իրավիճակը շփման գծում. Ադրբեջանի խայտառակ ընտրություններն ու ԼՂ հակամարտությունը

Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի որդին հետագա 7 տարիների ընթացքում ևս կշարունակի ղեկավարել երկիրը:

Անակնկալ կերպով հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել 8 գործիչ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով ստացավ 3 մլն 192 հազար 522 ձայն, այսինքն` վավեր ձայների 86 տոկոսը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսաֆաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Մյուս թեկնածուներից և ոչ մեկը նույնիսկ չի ստացել ձայների 5 տոկոսը: Զավեշտալին այն է, որ թեկնածուներից առնվազն վեցը, ըստ որոշ ադրբեջանական և արևմտյան ԶԼՄ-ների, Իլհամ Ալիևի դրածոներն են, որոնց քարոզարշավը հիմնվել է Իլհամ Ալիևի անուղղակի գովքի վրա: Ավելին, որոշ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանում նախագահի թեկնածուներից Հաֆիզ Հաջիևի մայրը քվեարկել է ոչ թե՝ սեփական որդու, այլ՝ Իլհամ Ալիևի օգտին, քանի որ տարբերություն չի դնում «որդիների» միջև։

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և՝ արտերկրում բնակվող ադրբեջանցիները: Քվեարկության ընթացքին հետևել են 894 միջազգային, 58 հազար 175 տեղական դիտորդ, 60 կազմակերպություն: Ապրիլյան ընտրություններն առաջին նախագահական ընտրություններն էին այն բանից հետո, երբ 2016թ. սահմանադրական փոփոխություններն ավելի ընդլայնեցին նախագահի լիազորությունները և ուղեկցվեցին բազում չարաշահումներով:

Բացի արևմտյան ԶԼՄ-ներից, որոնց լրագրողները լուրջ խախտումներ էին արձանագրում ընտրությունների ընթացքում` լցոնումներ, կաշառքներ, լրագրողական և դիտորդական գործունեության խոչընդոտում, միջազգային դիտորդներն արձանագրել են, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է խոշոր չարաշահումներով, ընտրախախտումներով և սահմանափակումներով: ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ դիտորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը խոչընդոտող օրենքների պայմաններում, իսկ հիմնարար իրավունքներն ու ազատությունները ժողովրդավարական ընտրությունների նախապայմաններն են:

Բազմակարծության բացակայության պայմաններում մյուս թեկնածուները փաստացի զերծ են մնացել գործող նախագահին քննադատելուց, միջազգային դիտորդները, սակայն, կարողացել են ազատ աշխատել նախընտրական շրջանում:

Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են որոշ պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն և բազմաթիվ այլ խախտումներ, այդ թվում՝ լցոնումներ:

Առավել ուշագրավ են Ադրբեջանը ներսից ուսումնասիրած ամերիկացի գործիչների գնահատականները: Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերը նշել են, որ ադրբեջանական այդ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի իրական ընտրություններ անվանել:

«Այս քայլերը ցույց տվեցին, որ երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանում տիրող շարադան (հանելուկը) վնաս է հասցրել ադրբեջանական ժողովրդին ու երկրի միջազգային հեղինակությանը»,- գրում են ամերիկացի գործիչները՝ հիշեցնելով խոսքի ազատության հարձակումները երկրում։ Կոզլարիչը և Քրամերը նաև հիշեցնում են, որ նախընտրական շրջանում Ալիևի կառավարությունը նաև Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում:

«Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով և Երևանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել ազգայնական դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում և Սիրիայում»,- գրում են հոդվածի հեղինակները:

Ուշագրավ է նաև, որ վերջին տասն օրերի ընթացքում իրավիճակը շփման գծում, Նախիջևանի հատվածում և հայ-ադրբեջանական սահմանում շարունակում է մնալ անհանգստացնող: Ապրիլի 12-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա: «Մեքենան վնասվել է, սակայն վարորդը, բարեբախտաբար, չի տուժել»,- հաղորդել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի էին:

«Պատահական չէր Ադրբեջանի Սահմանադրության վերաձևակերպումն Ալիևի նախագահության օրոք, նա ցանկանում էր նոր ժամկետում ավելի մեծ լիազորությունների տիրապետել, բայց բոլոր դիտորդներն արձանագրեցին, թե ինչպես Ադրբեջանի նախագահը հասավ նման արդյունքի»,- նկատեց Տարասովը:

Ռուս կովկասագետը նկատեց, որ կարևոր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղարաբաղի շուրջ այս ընտրություններից հետո, հատկապես, երբ Ադրբեջանում ամուր նախագահական համակարգ է, իսկ Հայաստանում` խորհրդարանական:

Տարասովի դիտարկմամբ, հնարավոր է՝ ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված կրակոցները նպատակ ունեն շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական հնարավոր զարգացումներից, թեև դրանք ժամանակ առ ժամանակ ակտիվանում են կամ պասիվանում, որոնք այլևս ոչ մեկի, ցավոք, չեն զարմացնում, քանի որ հակամարտությունը դեռ լուծված չէ:

Չի բացառվում նաև, ըստ բանախոսի, որ Բաքուն փորձում է տրամադրություններ շոշափել Հայաստանում, Արցախում և միջնորդ երկրներում: Վերջինիս համոզմամբ՝ այս ընտրություններից հետո էական ոչինչ չի փոխվի Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ըստ նրա՝ հակամարտող երկու երկրներում ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, և այստեղ միակ կարևոր հանգամանքն այն է, որ բանակցություններն այս փոփոխություններից հետո վերսկսվեն հնարավորինս շուտ և հնարավորինս արդյունավետ:

«Հայաստանում արդեն նախագահությունն է ստանձնել Արմեն Սարգսյանը և նշել, որ անելու է հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման համար: Հույս ունենք, որ Ադրբեջանի վերընտրված նախագահը ևս նման քայլի կդիմի, քանի որ Ղարաբաղյան հակամարտության գոտին ուսումնասիրող փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ երկու երկրներում փոփոխություններից հետո բանակցությունները կվերսկսվեն ավելի դրական նոտայից:

Ինչ-ինչ նման հույսեր ունեմ, քանի որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ ներկայումս կան բոլոր իրավական հիմքերը հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական հակամարտությունների կարգավորման համար: Այսինքն` ադրբեջանական կողմը գտնում է, որ փաստաթղթերը կան, և մնում են պրակտիկ քայլերը: Սակայն հակամարտությունը փակուղում է, և պետք է դուրս գալ՝ այդ վիճակից և ուղի հարթել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համար»,- նման հույս հայտնեց ռուս քաղաքագետը:

Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն անհանգստացնող որակեց միջազգային դիտորդների ահազանգերը խախտումների մասին՝ նշելով, որ դիտորդները սովորաբար նման հայտարարություններով հանդես են գալիս ծայրահեղ դեպքերում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում խախտումները լայնածավալ բնույթ են կրել:

Ըստ նրա՝ մտահոգիչ են նաև ամերիկացի դիվանագետների և իրավապաշտպանների հորդորները՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, որից Ադրբեջանին փրկում են իր բնական ռեսուրսները:

Սակայն դրանք, ըստ Ստյուարտի, երկար չեն կարող փրկել Ադրբեջանի նախագահին, ով դառնում է հավերժ ղեկավար և ամենայն հավանականությամբ պետության ղեկը կփոխանցի իր երիտասարդ որդուն, ում օրենքը թույլ է տալիս մի քանի տարի անց առաջադրել իր թեկնածությունը:

Խոսելով ընտրությունների և ԼՂ հակամարտության վրա դրանց ազդեցության մասին` Ստյուարտն ասաց, որ ՀՀ-ում և Ադրբեջանում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս կողմերին վերսկսել բանակցությունները միևնույն ժամանակ, եթե Հայաստանում և Ադրբեջանում հետընտրական ֆորսմաժորներ տեղի չունենան:

«Ինձ թվում է, որ բանակցություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Հիշեցնեմ, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը հրապարակվեց այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում էին բավականին լուրջ օրակարգով, և բանակցություններն ըստ էության կանգ առան այս զարգացումների պատճառով:

Կարծում եմ` եթե նույնիսկ երկու պետությունների ղեկավարները շահագրգռված չլինեն բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցով, համանախագահները կանեն այնպիսի պարտավորեցնող քայլեր, որ բանակցությունները երկար սպասեցնել չեն տա:

Ավելին, կարծում եմ` առաջին քալը պետք է լինի ապրիլյան պատերազմից հետո կայացած նախագահական գագաթաժողովների արդյունքների ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելը, և կարծում եմ՝ ներքաղաքական փոփոխություններից առաջ կողմերը դրան մոտ էին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս