Փաշինյանը և նրա կողմնակիցները հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները և նրանց համակիրները Երևանի փողոցներում կազմակերպված երթից հետո հերթական հանրահավաքն անցկացրին, որն այս անգամ կայացավ Ֆրանսիայի հրապարակում:
Հանրահավաքի մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքվածներին հայտնեց, որ իրենց հավաքին է միացել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:
Փաշինյանն ընդգծեց, որ արդեն երկու հաշվետվություն հրապարակել են հավաքի ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ, առաջիկայում կհրապարակեն նաև երրորդ հաշվետվությունը: «Այս շարժման բոլոր ծախսերը առանց բացառության հոգացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց նվիրաբերություններով՝ Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս: Այդ նվիրատվությունները եղել են սկսած 100 դրամից և ավարտած 300 հազար դրամով: Ես ցանկանում եմ, որ բոլորս ծափահարենք մեր հայրենակիցներին»,- հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավաքի մասնակիցներին ներկայացրեց ապրիլի 14-ին Երևանի կենտրոնում իրենց երթի արդյունքները, որի ժամանակ նաև ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք: «Ահա սա է խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը, մենք չենք հայհոյում ոչ մեկին, մենք ոչ մեկի վրա չենք բռնանում, մենք ոչ մեկին ֆիզիկական վնասվածք չենք պատճառում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հանրային ռադիոյի շենքից դուրս գալուց հետո երթով շարժվել և արգելափակել են Կրկեսի խաչմերուկը՝ դրա արդյունքում առաջացած խցանման մեջ մնացած քաղաքացիներից ներողություն խնդրելով պատճառած անհարմարությունների համար:
Փաշինյանը հավաքի մասնակիցներին հայտնեց, որ ապրիլի 15-ին գլխավոր հանդիպման երկու ժամ են ունենալու՝ 14:00-ին և 18:30-ին:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ: