«Իշխանությունը հասարակությանը մեսիջ է հղում. արդյունքը լինելու է արտագաղթը». Արմեն Բաղդասարյան

«Այս տասը տարվա ընթացքում ընդդիմությունը փոշիացվեց, ստեղծվեց հաճախորդների ինստիտուտը, Սահմանադրություն իբր թե փոխվեց, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Երեկ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, և դա երևի այնքան անսպասելի էր, ինչքան Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին. սպասվող զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Սահմանադրական փոփոխություններից հետո, ըստ նրա՝ ակնհայտ էր, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը։

«Տեղյակ եք, չէ՞, որ անգամ 2022թ. ԱԺ-ն չի ընտրելու վարչապետ, ըստ Սահմանադրության՝ իշխող կուսակցության ղեկավարին նախագահն իր հրամանագրով մեխանիկորեն նշանակում է վարչապետ։ Այսինքն՝ պետության առաջին դեմքին ընտրելու են ոչ թե ԱԺ-ում, այլ Մելիք-Ադամյանում, ինչպես Սովետական Միությունում էր։ Էլի սովետական համակարգն է գործելու։

Բայց Գերագույն սովետի 4-5 տոկոսն անկուսակցական էր, իսկ հիմա դրանք կոչվելու են ոչ թե անկուսակցականներ, այլ ընդդիմադիր ուժեր՝ մի քանի տոկոս։ Հիմա միակուսակցական համակարգ է, իսկ մյուս մանր-մունր կուսակցությունները կփոխարինեն խորհրդային տարիների անկուսակցականներին։ Այդ համակարգը սարքվեց»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Բաղդասարյանը նկատեց՝ ռեսուրսների պակասը չի խոչընդոտում, որ կառուցվի ավտորիտար ռեժիմ.

«Հակառակը՝ տարիներ շարունակ ասում էին, որ մենք նավթ չունենք, և դրա համար պետք է ժողովրդավարություն կառուցենք, հիմա, փաստորեն, դրանից էլ հետ քաշվեցինք։ Ստացվում է ավտորիտար ռեժիմ, որը բացատրում են իբր պատերազմական վիճակով։ Հիմա հարց է ծագում՝ այն գլխավոր հրամանատարը, որը գիտի, որ վերջնական խաղաղություն հաստատվելուց հետո իրեն փոխելու են, կգնա՞ վերջնական խաղաղության։ Դա էլ կա, չէ՞»։

Վերլուծաբանն ընդգծեց՝ եթե ոչինչ չփոխվի, մարդիկ արտագաղթելու են, ուրիշ բան չկա.

«Արտագաղթը բողոքի ձև է։ Մի քանի տարի առաջ փողոց դուրս էին գալիս տասնյակ հազարավոր մարդիկ, հիմա նրանց մեծ մասն արտագաղթել է։ Ամենամեծ խնդիրը սա է, ոչ թե Սերժ Սարգսյանի անձը: Այսինքն՝ խնդիրն այն է, որ եղել է իշխանություն, որի օրոք բնակչության 13 տոկոսն արտագաղթել է, և այդ իշխանությունը հասարակությանը մեսիջ է հղում, ասում է՝ ոչինչ չի փոխվելու, այդ մարդն անփոխարինելի է, ինչը նշանակում է, որ համակարգն է անփոխարինելի։ Արդյունքը լինելու է արտագաղթը»։

Տեսանյութեր

Լրահոս