Ի՞նչ ազդեցություն են թողել ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի վրա

Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան: Սակայն մի շարք փորձագետներ ընդգծում են, որ կլինեն ծանր հետևանքներ Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց դոլարի նկատմամաբ: Կենտրոնական բանկը մինչդեռ արձանագրեց, որ երկրի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Կենտրոնական բանկն ունի մի շարք գործիքներ, որոնցով կարող է հակազդել անկայունությանը տարբեր իրավիճակներում: Սակայն կարծում ենք, որ այս պահին չկան որևէ ռիսկեր և չկա անհրաժեշտություն համակարգային միջոցների կիրառման»,- ասում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

Ռուսաստանցի ֆինանսական փորձագետները ևս կարծում են, որ չկա պատճառ խուճապի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել:

«Իրավիճակը կարող է կայունանալ, երբ վերջնականապես պարզ դառնան ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները պատժամիջոցների հարցում: Հուսանք դրանք չեն ուժեղանա, սակայն մոտ օրերս իրավիճակը կմնա անկայուն»,- նշում է տնտեսական վերլուծաբան Օլեգ Կուզմինը:

Այս պահի դրությամբ պատժամիջոցներն ազդել են միայն ամերիկյան շուկայի հետ առնչվող ընկերությունների վրա, սակայն իրավիճակը կարող է փոխվել:

«Մտահոգիչն այն է, որ ռուսական բիզնեսը դառնում է վանիչ արևմտյան գործընկերների համար, և հավանական է, որ նման բացասական համբավ ունեցող ընկերությունների ցանկը գնալով ավելի կաճի»,- նշում է Սերգեյ Խասանովը Open Broker ընկերությունից:

Փորձագետի կարծիքով նման զարգացումները կունենան նաև կարճաժամկետ ազդեցություն: Նա նաև պնդում է, որ արտարժույթի արժեզրկումը կապված է նախկինում եղած տնտեսական զարգացումների հետ և ամերիկյան պատժամիջոցներն առաջնային խնդիրը չեն:

Ռուսաստանցիների արձագանքն այս առիթով տարբեր է:

«Հետևում ենք լուրերի, սակայն չեմ տեսնում դրամատիկ փոփոխություններ: Առանձնապես ոչինչ չի փոխվել մեր կյանքում»,- ասում է Մոսկվայի բնակիչ Դենիս Վորոնինը:

«Իհարկե դա ինձ մտահոգում է: Այն ինչ վերաբերվոմ է հայրենիքիս, ինձ մտահոգում է: Հուսանք արտադրությունը կզարգանա և կդառնանք ավելի մրցունակ: Հուսամ նաև որ կառավարության որդեգրած քաղաքականությունը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ուղղությամբ կտա իր պտուղները»,- ընդգծում է Մոսկվայի բնակիչ Արթուր Գավրիշևը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ընդգրկել են ռուսաստանցի 24 գործիչների: Նրանցից 7-ը սերտորեն կապված են նախագահ Պուտինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս