Բաժիններ՝

Արդյոք կկրկնվի՞ 2014թ. ֆինանսական ճգնաժամը Հայաստանում

Ներկայում չկան հիմքեր սպասելու, որ ռուսական տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների պատճառով հնարավոր են 2014 թվականի դրամի արժեզրկման ճնշումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չեն սպասվում 2014-ի զարգացումները, երբ դրամը արժեզրկվեց ռուսական շուկայում տեղի ունեցող զարգացումների արդյունքում:

«Ի՞նչ հիմքեր ունենք ներկայում այդ զարգացումներն ակնկալելու: Կարծում եմ`այդ հիմքերը դեռ նախանշված չեն, երբ կնախանշվեն` մեզ արդեն հայտնի սցենարներով, մենք անպայման միջամտություն կանենք»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ ազդեցություն կունենան ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված ռուսական շուկայի ցնցումներ Հայաստանի տնտեսության վրա, Էմիլ Տարասյանն ասաց, որ Հայաստանը ցնցումներին պատրաստ տնտեսություն է, նախկինում անցել է այդ շոկերի միջով և վերականգման ուղին բռնել: «Այժմ մենք կոնկրետ շոկային իրավիճակում չենք գտնվում. կուրսի կայունության և այլ խնդիրներ առայժմ չկան ռուսական շուկայի հետ կապված:

Սկսած 2009 թվականից մեր տնտեսությունում ձևավորվել ենք կառույցներ, որոնք օպերատիվ միջամտություն են կատարում թե իրենց ֆինանսական գործիքակազմով, թե աջակցման մեխանիզմներով, և տնտեսական ոչ կայուն իրավիճակներում կարողանում են վերցնել այդ բեռն ու ամորտիզացնել ռիսկերը: Սա առաջին անգամը չէ: Բացի այդ` ինչպես բազմիցս ասել եմ` ցանկացած տնտեսական իրավիճակի փոփոխություն ստեղծում է նաև հնարավորություններ»,-նշեց փոխնախարար Տարասյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից տնտեսական զարգացման ռազմավարությունը փոխելու հավանականությանը` կապված ՌԴ տնտեսությունում արձանագրվող գործընթացների հետ, ապա պաշտոնյան նշեց, որ արտահանման հետ կապված խնդիրները միշտ էլ դիտարկվում են, բայց գործիքակազմերի փոփոխության անհրաժեշտություն այս պահին դեռևս չեն տեսնում:

«Եթե աջակցման մեխանիզմների հետ կապված խնդիրներ կլինեն, միգուցե ինչ-որ քայլեր արվեն, բայց այս պահին չենք համարում, որ օպերատիվ միջամտության կարիք կա: 2014-ին եղավ խնդիր, այն էֆեկտները, որ պետք է ունենայինք ԵԱՏՄ անդամակցությունից, չունեցանք հենց ոչ կայուն տնտեսական վիճակի պատճառով, որոնք մեկ տարի չանցած հաղթահարվեցին` թե բանկային համակարգի, թե տնտեսական դրամավարկային քաղաքականության իրականացման շնորհիվ»,-հավելեց Էմիլ Տարասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս