«Սրացումներ կլինեն, բայց լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

«Ադրբեջանում ոչ մի ընտրություններ էլ չեն լինելու. այնտեղ ընտրություններ չեն լինում։ Այնտեղ չկա ընդդիմություն, դա մի երկիր է, որտեղ Facebook-ում գրառումներ անելու համար մարդիկ ձերբակալվում են, քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է, իսկ քաղաքականությունը փոխվում է ընտանիքի անդամների միջև տարբեր հարաբերությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ընտրությունն այն է, երբ գործընթացը հայտնի է, արդյունքը՝ ոչ, իսկ այնտեղ հակառակն է։ Եվ ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ փոփոխություններ սպասել Արցախի հարցում, քանի որ այդ հարցն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել:

յն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է։ Մինսկի Խմբի համանախագահները, գերտերությունները կփորձեն աշխատել ստատուս-քվոյի պահպանության համար, Հայաստանը կամ հենց ինքը՝ Արցախը, կփորձի ամրապնդել շփման գիծը, ընդլայնել ԶՈՒ հնարավորությունները, իսկ Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, սրացումներով»,- ընդգծեց նա։

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, քաղաքագետի գնահատմամբ՝ պատահականություն չէ, դա Ադրբեջանի ռազմավարությունն է, որը երկարատև է.

«Հարցն այն է, թե որքանով լարվածությունը սահմանին կաճի կամ կնվազի։ Այս տարի իրավիճակը մի փոքր լավ է՝ նախորդ տարիների համեմատ: Հաջողվում է ստատուս-քվոն պահպանել»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռքբերմանը, նա ասաց, որ դեռ հայտնի չէ՝ գնումը կլինի՞, թե՞ ոչ.

«Դա պարզապես խաղ է, ընդ որում՝ ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի, այլ Թուրքիայի ու Արևմուտքի միջև: Սա Արցախի հարցի հետ որևէ կապ չունի։ Թուրքիան հիմա ավելի լուրջ խնդիրներ ունի, քան մեր տարածաշրջանը»։

Քաղաքագետն ընդգծեց՝ սահմանին սրացումներ կարող են լինել.

«Մեծ է նաև ավելի լայնամասշտաբ սրացումների հավանականությունը։ Ասել, որ ապրիլյան պատերազմի նման սրացումներ չեն լինի, ճիշտ չի լինի։ Բայց դրանից ավելի ոչինչ չի լինի։ Իրավիճակն արմատապես չի փոխվի»։ Նախիջևանի ուղղությամբ նա ևս լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի տեսնում. «Իսկ նմանատիպ սրացումներ կլինեն»։

Տեսանյութեր

Լրահոս