
«Մարաղայի ջարդերն էթնիկ զտումների հետևանք էին». Դավիթ Բաբայան

Մարաղայում իրականացվել է դաժան ոճրագործություն, որը կատարվել է էթնիկ զտումների և Արցախն առանց հայերի բռնազավթելու քաղաքականության հիման վրա:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերի Մարաղայում իրականացրած կոտորածների մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Հաշվի առնելով անպատժելիության գործոնը՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը դառնում էլ ավելի մարդատյաց ու ֆաշիստական: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մարաղայում իրականացված ոճրագործությունը: Այն չդատապարտելը նոր հող է ստեղծում, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում նման հանցագործությունները կրկնվեն: Միջազգային հանրության կողմից այդ սպանդի ճանաչումը մեր կարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- ավելացրել է Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ, գրավել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը: Հաջորդ օրը հայկական զինուժին հաջողվել է ազատագրել այն, որտեղ, սակայն, գտել են 43 խաղաղ բնակիչների խոշտանգված դիակներ: Նրանք հիմնականում ծերեր և հաշմանդամներ էին, ովքեր, չկարողանալով լքել գյուղը, պատսպարվել էին նկուղներում։