«Ուզում ենք, որ Հայաստանում էլ ուսանողները լինեն այնքան մոտիվացված, որքան դրսում են». Renderforest-ի ներկայացուցիչ
Հայկական Renderforest ընկերությունը նախաձեռնել է «Թվային արվեստ» գրքի ստեղծումն ու անվճար տարածումը: Ընկերությունում նշում են, որ հայալեզու մասնագիտական գրականության պակասը մասնակիորեն լրացնելու համար ընկերությունը ձեռնմուխ է եղել հրատարակելու գիրք, որը նախատեսված է թվային ոլորտի աշխատակիցների համար։ Գրքի շնորհիվ մասնագետները կարող են բարելավել իրենց գիտելիքները գրաֆիկական դիզայնում, խորացնել մասնագիտական հմտություններն անիմացիայի և շարժվող գրաֆիկայի մեջ։
«Թվային արվեստ» գիրքը վաճառքի ենթակա չէ, շահույթ չի հետապնդում և անվճար տրամադրվելու է ուսումնական հաստատություններին։
Գրքի տեսական հատվածը թարգամանություն է աշխարհահռչակ դիզայներների բլոգներից և Tubikstudio.com կայքից: Գրքում՝ որպես օրինակ, ներկայացված է հայկական ընկերության օրինակը, հաջողության պատմությունը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ գրքում ներառված են 2017 թվականի բոլոր տրենդները:
Ընկերությունում նշում են նաև, որ գրքի միջոցով ցանկանում են լրացնել մասնագիտական գրականության բացը և օգնել պատրաստել նոր, որակյալ մասնագետներ, որոնց կարիքն ունեն հենց իրենք:
«Քանի որ հայալեզու մասնագիտական գրականություն գտնելը Հայաստանում մեծ խնդիր է, ու, եթե գիրքն էլ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա այդ խնդիրը եռապատկվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Renderforest-ի ներկայացուցիչ Ռոման Դանեղյանը:
Գիրքը տպագրված է 1000 օրինակով և անվճար տրամադրվելու է ուսումնական հաստատություներին, դիզայներներին, իլյուստրատորներին: Գրքի շնորհանդեսին ներկա են եղել իլյուստրատորներ տարբեր ընկերություններից: Ռոման Դանեղյանը նշում է, որ միջոցառման նպատակներից մեկն էլ բոլորին մի տեղ հավաքելն էր, որ և՛ իրենք ճանաչեին միմյանց, և՛ փորձի փոխանակում, հարց ու պատասխան լիներ:
Սա ընկերության կողմից կազմակերպված առաջին միջոցառումը չէ:
«Միջոցառումը շարքից երկրորդն է: Մարտի 28-ին էլ քաղաքի ծրագրավորողներին էինք հրավիրել վորքշոփի, հետո դիզայնը, հաջորդ իվենթը մարքետինգին է վերաբերելու: Նպատակը հարթակ ստեղծելն է, որտեղ նույն ոլորտի մասնագետները նախ՝ կճանաչեն իրար, քննարկումների շնորհիվ կզարգացնեն հմտությունները: Ուզում ենք, որ Հայաստանում էլ ուսանողները լինեն այնքան մոտիվացված, որքան դրսում են, հստակ իմանան, որ լավ մասնագետը միշտ էլ պահանջարկ ունի»:
Հիշեցնենք, որ Ռենդերֆորեսթն առցանց վիդեոստեղծման պլատֆորմ է, որի շնորհիվ կարելի է ստեղծել հեռարձակման որակին համապատասխան տեսահոլովակներ: Կայքն անվճար է օգտագործման համար, սակայն առաջարկում է վճարովի հավելումներ:
Ռենդերֆորեսթի միջոցով կարելի է ստեղծել բացատրողական անիմացիաներ, կորպորատիվ պրեզենտացիաներ, գովազդային հոլովակներ, անիմացիաներ և այլն:
Սիրարփի Աղաբաբյան