Բաժիններ՝

Մի շարք հիվանդությունների դեպքում զորակոչիկին տարկետում տալու փոխարեն միանգամից կհաշվառեն պահեստազորում

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծերով հստակեցվել են մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զորակոչիկը ստանալու է ոչ թե տարկետում, այլ միանգամից հաշվառվելու է որպես պահեստազորային: Կիրառությունից դուրս են գալու նաև մի շարք եզրույթներ, օրինակ` «պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար»: Եթե պիտանի չէ, ապա նաև` պատերազմական ժամանակ: Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ ՊՆ` առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների հետ համատեղ մշակած նախագծերի քննարկումը:

«Փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կառավարության որոշումներում, որով իրականացվում էր զորակոչային և նախազորակոչային տարիքի փորձաքննությունը՝ զինվորական ծառայությանը պիտանելիության որոշման նպատակով: Փոփոխությամբ հանվել են նախկին մի շարք գործառույթներ: Հանվել են մի շարք հասկացություններ: Հստակեցվել են նաև որոշ հիվանդություններ, որոնց վիճակի բարելավում տարկետման ընթացքում չի արձանագրվելու: Այդ հիվանդությունների դեպքում տղաներին միանգամից հաշվառվեն պահեստազորում՝ առանց տարկետում տրամադրելու, առանց ավելորդ քաշքշուքի»,-ասաց ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, գնդապետ Հովհաննես Մինասյանը:

Միանգամից պահեստազորային կհաշվառեն վնասվածքաբանական հիվանդությունների, ոտքերի, ձեռքերի կարճացման, արյան և նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Փոփոխության համաձայն՝ որոշ հիվանդությունների դեպքում էլ պիտանի են ճանաչվելու և զորակոչվելու են ծառայության: Այդպիսի հիվանդություններից կլինի բիլիռուբինը: Որոշակի դեպքերում էլ տղաները զորակոչվելու են ավելի հեշտացված ծառայության` չեն ընդգրկվելու մարտական հերթապահության: Նրանք կլինեն չորրորդ կարգի ճարպակալում ունեցողները, որոնց քաշը նորման կգերազանցի 4 կգ-ով: «Նախկինում ևս եղել են սահմանափակումներով ծառայողներ, նորությունը հատուկ պայմաններում ծառայողներն են լինելու, ովքեր ընդհանրապես չեն ընդգրկվելու մարտական հերթապահությունում: Նրանց ֆիզիկական պատրաստությունը լինելու է բուժական ֆիզկուլտուրայի մակարդակով»,-պարզաբանեց Մինասյանն ու հավելեց, որ բոլոր հարցերը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների հետ: Նրա խոսքով` փոփոխությունների նպատակը բացերը լրացնելն է: Եթե նախկինում նույն հիվանդությունը տարբեր կերպ կարող էր գնահատվել, ապա ներկայում փակվել են ավելորդ սողանցքները: «Միանշանակ կարող եմ ասել` հիվանդ մարդիկ չեն լինելու բանակում: Բանակ գնալու են միայն այն հիվանդությամբ, որը չի խոչընդոտելու ծառայությանը և առողջությունը չի վատթարանալու»,-նշեց Մինասյանը:

Կկանոնակարգվի նաև ՌՈՒՀ-եր (ԲՈՒՀ) դիմորդների և սովորողների բժշկական փորձաքննությունը` հնարավորություն ստեղծելով ավելիի մեծ թվաքանակի դիմորդներ ընդգրկելու ՌՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին:Նախկինում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվող մեծ թվով հիվանդությունների դեպքում սպաների, ենթասպաների և պայմանագրային կարգի շարքային զինծառայողների համար փորձաքննությունն իրականցվելու են անհատական մոտեցմամբ:

ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանի խոսքով` նաև հստակեցվել կամ հանվել են մի շարք հասկացություններ, որոնք կորցրել էին արդիականությունը , նաև վերացական էին: «Օրինակ` նախկինում գրված էր` զինվորական ծառայության զորակոչվելիս բարձր լեռնային շրջաններ չեն ուղարկում: Սակայն պարզաբանված չէր, թե ինչ է նշանակում բարձր լեռնային շրջան: Նոր փոփոխությամբ սահմանվել է`ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձր ծառայության սահմանափակում: Առաջնագծում մարտական հերթապահությանը, հրետանու կրակային, ՀՕՊ մեկնարկային դիրքերում և կապի հանգույցներում մարտական հերթափոխի և պահակային ծառայության չեն ընդգրկվի` ֆիզիկական պատրաստության սահմանափակումներով մարդիկ: Նաև հակացուցված կլինի ծառայությունը խոնավ և ցուրտ եղանակային պայմաններում` երկու ամիս և ավելի ժամկետով»,-ասաց նա:

«Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծերը ներկայում գտնվում են հանրային քննարկման փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս