«Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը». Արմեն Սարգսյան

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:

«Պարո՛ն Նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Եվ կարծում եմ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է Նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,- ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30