«Հայ-թուրքական արձանագրություններով կատարվեց մի բան, որին ՀՀ-ում շատ քիչ ուշադրություն են դարձնում». Հայկ Մարտիրոսյան
«Հայ-թուրքական արձանագրություններով նաև կատարվեց մի բան, որին ՀՀ-ում շատ քիչ ուշադրություն են դարձնում. դա այն է, որ ՀՀ-ն փաստացիորեն ճանաչեց Թուրքիայի սահմանները և ընդունեց, որ այլևս չունի հողային պահանջ Թուրքիայից, որն անուղղակիորեն կարող է վերաբերվել նաև Ադրբեջանին»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս 10 տարիների ընթացքում Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը մնացին և վերահաստատվեցին. «Հատկապես անցած տարի ՀՀ-ն հայտարարեց, որ այդ փաստաթղթերն են շարունակում հանդիսանալ բանակցային հիմք: Երրորդ՝ ամենախոշոր խնդիրն այն է, որ բանակցությունների ձևաչափն այդպես էլ չի փոխվել՝ զինադադարի կնքումից ի վեր: Սա մեծ ողբերգություն է, որն անհասկանալիորեն ստեղծել է քաղաքական գիտակցության մի մշակույթ ՀՀ-ում, որ բանակցությունները պետք է շարունակել այն ձևաչափով, որով դրանք սկսվել են 1994 թվականին, այսինքն՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց:
Մինչդեռ մարտահրավերները փոխվել են, իրականությունը փոխվել է, թվում է՝ ՀՀ-ն պետք է դասեր քաղած լիներ, հայերը պետք է հասկացած լինեին, որ դա այն մեխանիզմն է, որով կարելի է միայն կորուստներ ապահովել»:
Հ. Մարտիրոսյանի գնահատմամբ՝ շատ մեծ թերացում է 2016 թվականի ապրիլի կորուստները չվերականգնելը, հակահարձակում չկազմակերպելը և արցախյան խնդիրը 2016 թվականի ապրիլին չլուծելը. «Դրանից հետո որևէ դասեր չքաղվեցին: Դրանից հետո եղան բանակցություններ, հանդիպումներ: Ինձ անհայտ է մի դեպք, երբ ագրեսիայի ենթարկված կողմը, որը կապիտուլյացիայի չի ենթարկվել, անմիջապես հսկայական կորուստներից հետո շարունակի բանակցությունները և խոսի բանակցություններին այլընտրանք չլինելու վերաբերյալ, երբ թշնամի կողմը ցույց է տվել, որ բանակցություններն ունեն այլընտրանք, և դա պատերազմն է»:
Բանախոսի խոսքով՝ երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ իր նպատակը Երևանն է, դա դատարկ խոսք չէ. «Անընդհատ հայկական կողմը փորձում է ասել՝ խաղաղ կարգավորում: Ո՞ւմ հետ խաղաղ կարգավորում. մարդկանց, ովքեր ասում են՝ Երևանը պետք է վերցնե՞լ, ինչը ցեղասպանություն է ենթադրում»:
Հ. Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, միջազգային խաղացողների աչքում Հայաստանի կարևորությունը չի փոխվելու. «Դադարեցնել բանակցությունները, որովհետև դա որևէ տեղ չտանող ճանապարհ է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: