Մատչելի բնակարան զինծառայողներին. հիփոթեքային վարկեր տարեկան 5 տոկոսով, պետությունը կփոխհատուցի կանխավճարը
Հայաստանում պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության սպայական անձնակազմի զինծառայողների համար մատչելի պայմաններ են ստեղծվում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը, որով զինծառայողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար:
Մասնավորապես, նոր ծրագրով վարկերը տրամադրվելու են ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90 տոկոսի չափով, որը ենթադրում է ընդամենը 10 տոկոս կանխավճար: Կանխավճարը փոխհատուցվում է պետության կողմից: Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:
Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9 տոկոս կլինի, որից պետության կողմից սուբսիդավորվելու է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Ստացվում է, որ զինծառայողի համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5 տոկոս: Անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում վարկառու զինծառայողը կկարողանա օգտվել նաև եկամտահարկի միջոցով վարկի տոկոսները մարելու պետական ծրագրից:
Ծրագրում ընդգրկված զինծառայողի՝ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողը երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի է անցնում կամ առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունի և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող, քրեակատարողական ծառայության 5 զինծառայող: Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան: