Բաժիններ՝

Այս տարին խորհրդանշող թռչունը սովորական կկուն է

Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2018» բաց քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սովորական կկուն:

Թեկնածու թռչուններն էին կարմրագլուխ սուզաբադը (190 ձայն), փոքր ջրցուլը (201 ձայն), ժայռային փոքր սիտեղը (352 ձայն), ամուրիկը (421 ձայն), ջրարծիվը (702 ձայն) և սովորական կկուն (1091ձայն):

Բաց քվեարկությունը մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերին: Հարցմանը մասնակցել է 2957 հոգի ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Այս տարի առավել ակտիվ էին Երևանը և Շիրակի մարզը:

Սովորական կկուն աղավնու մեծության, գրեթե ամբողջովին մոխրագույն թռչուն է` ծածկված պղտոր-սպիտակ բծերով: Մարմնի երկարությունը 32–61 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–150 գ: Կկվին կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք` անտառում, բաց տարածքներում, լեռների լանջերին: Սնվում է միջատներով: Կկուները բույն չեն կառուցում, նրանք ուղղակիորեն իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում` ձվերի գույնը նմանեցնելով բնի տիրոջ ձվերի գույնին: Սովորաբար կկվի ձագը դուրս է գալիս ձվից առաջինը և բնից գցում մնացած ձվերն ու ձագերին: Հասուն թռչունները չեն խնամում իրենց ձագերին:

Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2009 թ., Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն» խորագրով միջոցառումը, որն անց է կացվում հանրային քվեարկության միջոցով: «Տարվա թռչնի» ընտրության հիմնական չափանիշներով թռչունը պետք է ճանաչելի լինի բոլորի կողմից, պետք է լինի հեշտ տեսանելի եւ պահպանության կարիք պետք է ունենա:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնական ռեսուրսների և թռչունների հանրային գնահատականը` մասնավորապես ընտրելով կոնկրետ թռչնատեսակների և այդ ձևով փորձել էլ ավելի բարձրացնել հասարակության հետաքրքրությունը այդ տեսակների պահպանության հանդեպ:

2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը փոքր տատրակն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս