««Արսենալը» դուրս է եկել ճգնաժամից». Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմի ծանր ժամանակները մնացել են անցյալում: «Արսենալը» ձախողում է մրցաշրջանն Անգլիայում, և թիմի միակ հույսը մնում է Եվրոպայի լիգան:
«Մենք շատ վատ և ճնշված վիճակում էինք «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո: Մեզ ժամանակ պետք եկավ, որպեսզի սթափվենք: Այնուամենայնիվ, մեր խաղացողները հոգեբանորեն շատ ուժեղ են, և հիմա ճգնաժամն անցել է»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ «զինագործները» նախ պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» 0:3 հաշվով Անգլիայի գավաթի շրջանակներում և դուրս մնացին մրցաշարից, իսկ մի քանի օր անց նույն հաշվով պարտվեցին նաև առաջնությունում: Հետո պարտվեցին նաև «Բրայթոնին» (1:2), որն ավելի խորացրեց իրավիճակը թիմում: Հետո «Արսենալն» ի վերջո կարողացավ վերադառնալ հաղթական ճանապարհին, և թիմը հաղթել է վերջին 4 խաղերից 4-ում:
«Կարծում եմ, որ թիմին միշտ պետք է դատել՝ ըստ այն բանի, թե ինչպես է այն դուրս գալիս ճգնաժամից: Եվ այդ իմաստով, ես կարծում եմ, որ մենք գերազանց էինք: Ճնշումն էլ ոչ մի տեղ չի անհետացել, բայց այդպիսին է ֆուտբոլը»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենգերը մնում է «Արսենալում» ևս մեկ մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը