Սկսվեց

Մեր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վաղուց կազմել էր Հայաստանի արևային էներգետիկայի ներուժի քարտեզը: Կազմել ու բաց-բաց տեղադրել էր իր կայքում:

Քարտեզից կարելի է տեղեկանալ, որ մեր երկրում մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևային ներհոսքը կազմում է 720 կՎտժ: Եվ, որ Հայաստանի տարածքի մեկ քառորդ հատվածում այդ ցուցանիշը միջինից բարձր է` 1850 կՎտժ: Բոլոր փորձագետները վստահեցնում էին, որ մեր երկրում առկա են արեգակնային էներգետիկայի զարգացման բոլոր բնական պայմանները:

Անցած տարվա ամռանն ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իր երկրի էներգետիկ կառույցները պատրաստ են Հայաստանում 6-8 մլրդ դոլար ներդնել վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով: Հետո մեր կառավարությունը՝ ի դեմս Էներգետիկայի նախարարության, «Մասրիկ 1» արեգակնային էլեկտրակայանի մրցույթ հայտարարեց: Երեկ արդեն բոլորը` թե վարչապետը, թե նախարարությունը, ուրախ-ուրախ հայտարարում էին մրցույթի արդյունքները:

Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի հարևանությամբ 55 ՄՎտ հզորությամբ կայան կկառուցվի: Մրցույթին նախապես 70 ընկերություն էր հայտ ներկայացրել: Ըստ Էներգետիկայի նախարարության՝ նրանցից 20-ն անցել էին նախաորակավորման փուլը: Այդ ընկերություններից 10-ը դիմել էին վերջին փուլ, ուր հաղթող է ճանաչվել նիդեռլանդաիսպանական մի ընկերություն, որն առաջարկել էր ամենացածր սակագինը:

Թե վարչապետը` իր Facebook-ի էջում, թե նախարարությունը տարածած հայտարարության մեջ առանձնակի ոգևորությամբ ու բառացիորեն նույն տեքստով սակագինն աննախադեպ են որակում: «Առաջարկվող սակագնի չափն է 0,0419 ԱՄՆ դոլար` առանց ԱԱՀ-ի (20,11դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23,8 դրամ է»:

Նկատեք, որ արեգակնային սակագնի համար շեշտվում է, որ այն առանց ԱԱՀ-ի է ներկայացված, իսկ հիդրոյի պարագային` ոչ: Կարելի է ենթադրել, որ երկրորդի դեպքում ԱԱՀ-ն ներառված է: ԱԱՀ-ի 20 տոկոսանոց հանրահայտ դրույքաչափի կիրառման դեպքում արևային կայանի արտադրանքի սակագինը կկազմի 24,13 դրամ: Այսինքն՝ այն ավելի թանկ է, քան հիդրոն` փոքր կայաններում: Բայց մեր վարչապետն ու նախարարությունը վստահեցնում են, որ սա փոքր արևային էլեկտրակայանների համար աննախադեպ ցածր գին է:

Ի գիտություն ընդունելով ասածը՝ ավելացնենք, որ մեր Կառավարությունը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել, որ Հայաստանյան Էլեկտրացանցերը 0,0419 ԱՄՆ ցենտով 20 տարի կգնեն «Մասրիկ 1» կայանի արտադրած հոսանքը: Մեր կառավարիչները շատ են կարևորում այն փաստը, որ կայանի կառուցման համար պետական ֆինանսներ չեն ներդրվելու: Բացառապես մասնավոր ու արտասահմանյան 50 մլն դոլար ներրդրումների միջոցով կայանը շահագործման է հանձնվելու 2019թ. վերջին:

Կայանը տարեկան արտադրելու է մինչև 120 մլն կՎտժամ էլեկտրաէներգիա: Հետաքրքիր է այն փաստը, որ կայանի կառուցման մրցույթին հայտեր էին ներկայացրել ամերիկյան, չինական, հնդկական ու աֆրիկյան ընկերություններ: Փաստորեն, վերջին տարիներին մեր էներգետիկներին հաջողվեց նախ կազմել Հայաստանի արևային և քամիների քարտեզը: Այնուհետև Համաշխարհային բանկի մասնակցությամբ կարողացան վերջնականապես ճշգրտել այն ու միջազգային չափանիշերին բավարարող, հրապուրիչ ու արդյունավետ մրցույթ անցկացնել: Մինչ այդ մեր երկրի էներգետիկ ոլորտի զարգացման խնդիրները հիմնականում քաղաքական տեսանկյունից էին վերլուծվում:

Հիմնական պնդումն այն էր, որ վերականգնվող էներգետիկայի անցնելու դեպքում Հայաստանը գոնե էներգետիկ անկախություն կստանա:

«Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էերգետիկ հաշվեկշռում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին»,- ուրախ-ուրախ հայտարարում է Էներգետիկայի նախարարությունն իր պաշտոնական կայք-էջում: Ու բոլորս էլ կարծես սկսում ենք համոզվել, որ մեր երկրի սեփական էներգահամակարգի զարգացումը աշխարհաքաղաքական ու տիեզերամասշտաբ բարդ խնդիր է:

Չգիտեմ, ով՝ ինչպես, բայց ինձ այսօրվանից արդեն չի զայրացնելու ռուսական հեռուստատեսությունների եթերում հնչող «Գազպրոմ. մեր երազանքներն իրագործվում են» գովազդը:

Տեսանյութեր

Լրահոս