
Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ խաչքարերը նախնական հետազոտությամբ 14-16-րդ դարերով են թվագրվում: «Հարկավոր է պեղել, մաքրել և հնարավորինս վերականգնել նախնական տեսքը»,- ասաց նա:
Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցում ռուսաստանաբնակ բարերարն այս տարի նախաձեռնել էր հիմնանորոգման աշխատանքներ, սակայն խաչքարեր հայտնաբերվել են նաեւ ժայռերին քանդակված: Նոր գտածոների հետազոտությամբ պայմանավորված՝ եկեղեցու շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է: