Facebook-ը դյուրացրել է գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողությունը
Facebook ընկերությունը, որն ավելի վաղ հայտնվել է անձնական տվյալների անօրինական հավաքման շուրջ սկանդալի կենտրոնում, հայտարարել է մի շարք նորամուծությունների մասին, որոնք ուղղված են դրանց գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողության դյուրացմանը: Այդ մասին հաղորդվում է ընկերության՝ մարտի 28-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ընկերությունը փոխել է շարժական սարքերի կարգաբերումների մենյուն՝ դրանց որոնումը դարձնելով ավելի հարմար: «20 տարբեր էկրանների վրա ցրված կարգաբերումների փոխարեն դրանք բոլորն այժմ հասանելի են մեկ տեղում: Մենք նաեւ վերացրել են հնացած կարգաբերումները, ուստի այժմ հասկանալի է, թե հավելվածները որ տեղեկատվություն կարող են կամ չեն կարող մուտք ունենալ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նաեւ սոցիալական ցանցում կհայտնվի նոր մենյու՝ մի քանի «արագագործ ստեղնների» հավաքանիով:
«Դա մենյու է, որտեղ դուք կարող եք ձեր տվյալները վերահսկել ընդամենը մի քանի ստեղնների սեղմումով՝ այն բանի հասկանալի բացատրություններով, թե ինչպես են աշխատում կառավարման մեր էլեմենտները»,-ճշտվում է մամուլի տեղեկագրում:
Նաեւ Facebook-ում կհայտնվի իրենց տվյալներ օգտատերերի մուտքի նոր գործիք (Access Your Information): «Access Your Information»-ը օգտատերերի այնպիսի տեղեկատվությունից օգտվելու եւ կառավարելու անվտանգ միջոց է, ինչհիսին են՝ պոստերը, մյուս օգտատերերի արձագանքները, մեկնաբանությունները եւ այն, ինչ դուք փնտրում էիք»,-հավելել են ընկերությունում:
Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը