
Կատալոնիայում բանաձև են ընդունել Պուչդեմոնի «քաղաքական իրավունքների երաշխավորման» համար

Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որը ճանաչում է ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը։
Բանաձեւը, որը խորհրդանշական բնույթ է կրում, պաշտպանել են «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» եւ «Ժողովրդական միասնության թեկնածություն» անջատողական կուսակցությունների պատգամավորները. նրանք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ինքնավար հանրակցության օրենսդիր մարմնում:
Բանաձեւը կոչ է անում Կատալոնիայի խորհրդարանին՝ « ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները»՝ երաշխավորելու քաղաքական գործիչների քաղաքական իրավունքները, այդ թվում՝ Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնին հաստատման ընթացակարգ անցնելու իրավունքը:
Այն վերաբերում է Կառլես Պուչդեմոնին, որ ձերբակալվել է Գերմանիայում, Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Տուրուլին, որոնք գտնվում են Մադրիդի բանտում: Բոլոր երեքին էլ մեղադրանք է ներկայացված ապստամբության կազմակերպման համար: Բացի այդ, Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչներին ազատելու պահանջով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: