Բաժիններ՝

Մամեդյարովը դժգոհել է, որ հավակնորդների մրցաշարում որոշ ադրբեջանցիներ աջակցել են Արոնյանին

Բեռլինի շախմատի հավակնորների մրցաշարի ավարտից հետո Ադրբեջանից մրցաշարին մասնակցող Շահրիյար Մամեդյարովը բողոքել է այն փաստի առնչությամբ, որ որոշ ադրբեջանցի շախմատասերներ երկրպագել են ոչ թե իրեն, այլ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես չեմ բողոքում, սակայն լսեք ինձ: Թեպետ իմ ժամանակը քիչ էր, սակայն ես ձեզ լսել եմ: Թեպետ ադրբեջանցի եմ, սակայն ձեզնից շատերի կողմից աջակցություն եմ տեսել ոչ թե իմ, այլ իտալացու (խմբ.- իտալական ծագում ունեցող, ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանա) կամ հայի (խմբ.- Լևոն Արոնյան) նկատմամբ»,- ասել է ադրբեջանցի շախմատիստը՝ ներողություն խնդրելով, որ չի կարողացել հաղթել հավակնորդների մրցաշարում:

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տարավ մրցաշարում: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցամարտը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Մամեդյարովը կիսեց 2-3-րդ տեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս