
Վրացի գողերը Հունաստանում մինչև 200 բնակարան են կողոպտել

Աթենքում Վրաստանի չորս քաղաքացիներ են ձերբակալվել բնակարաններ կողոպտելու մեղադրանքով: Այդ մասին մարտի 28-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության պետ Մամուկա Չելիձեն:
Նրա խոսքով՝ հույն գործընկերների հետ վրացական իրավապահ մարմինների եռամսյա համատեղ գործողության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները մինչեւ 200 բնակարան են կողոպտել Հունաստանի տարածքում:
«Բոլոր չորս անձանց տներում եւ ավտոմեքենաներում կատարված խուզարկությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույցներ առգրավել են տարբեր տեսակի հրաձգային զենք, փող եւ գողացված առարկաներ»,-հայտարարել է Չելիձեն:
Նա նշել է, որ Հունաստանի օրենսդրության համաձայն, հանցագործներին մինչեւ 20 տարվա բանտային կալանք է սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: