
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ թունավորվել է ֆենոլից. Fox

Առնվազն 15 մարդ է հիվանդանոց տեղափոխվել ֆենոլից (կարբոլաթթու) թունավորման հետեւանքով, որը մարտի 27-ին տեղի է ունեցել Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) Բերուին արվարձանի բժշկական կենտրոնում: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ խիստ թունավոր նյութով լի ոչ մեծ անոթը պատահաբար կոտրվել էր պացիենտների զննման համար նախատեսված սենյակում: Միջադեպի ժամանակ շենքում եղել է 35 մարդ. ոմանք սկսել են հազալ, սրտխառնոց եւ գլխացավ են ունեցել: Բուժհաստատության աշխատակիցները պատահարի վայր են կանչել փրկարարների, որոնք տարհանում են անցկացրել:
Բուժկենտրոնի ղեկավար Ֆրենք Մանքուսոն հայտարարել է, որ սկսվել է «պատահարի հետաքննությունը եւ հնարավոր ամեն բան կարվի, որպեսզի դա չկրկնվի»: Շենքը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն ավարտել թույնից հաստատության մաքրումը: Հոսպիտալացված մարդկանց վիճակի մասին իշխանություններն առայժմ ոչինչ չեն հայտնում:
Ֆենոլը շատ թունավոր նյութ է, որը ներս շնչելիս առաջացնում է նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարում: Այն բացասական ազդեցություն է գործում սրտի եւ երիկամների վրա, իսկ մաշկի վրա հայտնվելիս առաջացնում է քիմիական այրվածք: Միեւնույն ժամանակ նյութը բժշկական արդյունաբերության մեջ օգտագործվում է դեղորայքային պատրաստուկներ արտադրելու համար, իսկ 1,4 տոկոս ֆենոլ պարունակող լուծույթը կիրառվում է որպես ցավազրկող եւ հականեխիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: