«Զատուլինի ասած ափսոսանքը կամ զենքի վաճառքի հետ կապված վերանայումները չեն նշանակում, որ ընդհանրապես զենքի վաճառք չի լինելու». Գառնիկ Իսագուլյան

«Արցախյան կողմն իր բոլոր հանդիպումներում կարողացել է շատ հստակ ասել, որ ինքը համանախագահող բոլոր ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այցելեց ՀՀ և կատարեց հայտարարություններ, որոնք պակաս նշանակություն չունեն, քան այն հայտարարությունները և հանդիպումները, որ եղել են Վաշինգտոնում:

«Գնում է շատ հավասարակշռված, մեկը մյուսին լրացնող քաղաքականություն, և Արցախը կարողանում է այդ բանակցություններում իրեն շատ ճիշտ պահել: Ինչ վերաբերում է Զատուլինի հայտարարություններին, դրանք շատ կարևոր են: Փակագծեր կան, որոնք չեն բացվում, բայց որոնք առկա են: Շատ դեպքերում նույնիսկ մեզ համար շատ դժվար է լինում լրագրողների հարցերին պատասխանել, որովհետև մի կողմից՝ չպատասխանելն առաջացնում է տպավորություն, որ բանախոսը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ թաքցնում է ինչ-որ բաներ, մյուս կողմից էլ՝ շատ անկեղծ ու բաց խոսելը կնշանակի՝ մեր հակառակորդին որոշակի ինֆորմացիայի փոխանցում»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Բանախոսի դիտարկմամբ՝ Կ. Զատուլինի ասած ափսոսանքը կամ զենքի վաճառքի հետ կապված վերանայումները չեն նշանակում, որ ընդհանրապես զենքի վաճառք չի լինելու. «Նա խոսեց նաև Հայաստանին տրվող զենքերի մասին, այդտեղ նույնպես պետք է կռահել, թե դրանց տակ ինչ է թաքնված: Շատ բաներ կան թաքնված»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որ զենքի մատակարարման առումով դառնա ինքնաբավ ու ինքն էլ արտահանի. «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս