Կեմերովոյի փոխնահանգապետ Ալեքսեյ Զելենինը պաշտոնանկ է արվել
Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը պաշտոնից ազատել է իր տեղակալին եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
«Պաշտոնանկ են արվել փոխնահանգապետ Ալեքսեյ Զելենինը եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետ Նինա Լոպատինան»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ Զելենինին կփոխարինի Կեմերովոյի ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Տուրբաբան, իսկ Լոպատինային՝ նրա տեղակալ Վալենտինա Նազիմոկը:
Մարտի 27-ին Կեմերովո քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել տարերային հանրահավաք: Իշխանությունների կողմից հանրահավաքին մասնակցել են փոխնահանգապետեր Վլադիմիր Չեռնովը եւ Սերգեյ Ցիվիլյովը: Նահանգապետ Աման Տուլեեւը հանրահավաքին չէր եկել. ինչպես պարզաբանել են նրա տեղակալները, տարածաշրջանի ղեկավարը առանձին հանդիպում կունենա զոհվածների հարազատների հետ:
Տարերային հանրահավաքում հնչել են տեղի ունեցածի հանգամանքների արդար հետաքննություն անցկացնելու պահանջներ, ինչպես նաեւ Տուլեեւի պաշտոնաթողության կոչեր: Վերջինիս տեղակալ Սերգեյ Ցիվիլյովը հավաքվածների առջեւ ծնկաչոք ներողություն է խնդրել զոհվածների հարազատներից: Տարածաշրջանի մյուս փոխնահանգապետ Վլադիմիր Չեռնովն այնուհետեւ հայտարարել է, որ ակցիային մասնակցել են բազմաթիվ սադրիչներ, որոնց գործողություններն ուղղված էին իշխանությունների վարկաբեկմանը: