Բաժիններ՝

«Ապրիլի 3-ից սկսած Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների համար դիմումների հանձնման կարգը կփոփոխվի». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «Վիզա Մետրիկի» կողմից: Նշված վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս թեմային անդրադարձան Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը, ինչպես նաև Մոսկվայի Visa Management Service (VMS) ընկերության խմբային ղեկավար Էլվիրա Բազիրովան և VisaMetric ընկերության Հայաստանի համակարգող Լիլիթ Գևորգյանը:

Բանախոսները ներկայացրեցին Շենգենյան վիզաների համար դիմումների նոր ընթացակարգը, ինչպես նաև պարզաբանումներ տվեցին վիզաների գործընթացի մանրամասների ու առանձնահատկությունների վերաբերյալ։

«Ապրիլի 3-ը կարևոր օր է լինելու ինչպես՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, այլ նաև՝ բոլոր հայերի և հայուհիների համար,- մեկնարկելով ասուլիսը՝ հայտարարում է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և հավելում,- այդ օրվանից սկսած՝ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների համար դիմումների հանձնումը տեղի կունենա «Վիզա Մետրիկ» առանձին սպասարկող ընկերության միջոցով: Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների և փաստաթղթերի ընդունման, փոխանցման և վերադարձման ողջ գործընթացը: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը»:

Կարդացեք նաև

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տեղեկացնում է, որ այս փոփոխությունները միայն Հայաստանի Հանրապետության վրա չեն տարածվում:

Դեսպանի փոխանցմամբ՝ կան մի շարք այլ երկրներ, որտեղ այս անցումը հաջողությամբ կյանքի է կոչվել: Հարավային Կովկասի և Միջին ասիական երկրների համար սպասարկող ընկերության մրցույթում շահող է ճանաչվել «Վիզա Մետրիկ» կազմակերպությունը, որ կսպասարկի Հայաստանին. «Կրկին անգամ շեշտում եմ, որ վիզաների տրամադրման համար որոշումները կայացվելու են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում: Ուզում եմ հավաստիացնել, որ այն ձեռքբերումները, որին մենք հասել ենք վերջին տարիների աշխատանքի ընթացքում, շարունակելու են պահպանվել: Ուզում եմ նաև շեշտել, որ մենք ջանում ենք հնարավորինս մեծ թվով հայտատուների տրամադրել 1 տարվա կամ ավելի ժամկետով նախատեսված մուտքի վիզաներ, և այս պահին այս չափաբաժինը կազմում է 24 տոկոս, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր չորրորդ հայտատուն ստանում է նվազագույնը մեկ տարի ժամկետով նախատեսված մուտքի վիզա»:

Տեղեկացնենք, որ Շենգենյան վիզայի համար դիմումների հանձնումն առանձին սպասարկող ընկերությանը փոխանցելու որոշումը, ըստ ասուլիսի բանախոսների, կատարվում է դիմումատուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նկատառումներից ելնելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս