«Եվրոպան պետք է դադարեցնի զենքի արտահանումը Թուրքիա». Բունդեսթագի թուրք պատգամավոր
Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք փոխնախագահ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը կարծում է, որ պետք է անմիջապես դադարեցնել եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա:
Այս մասին պատգամավորը խոսեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինուժի կողմից իրականացվող վերջին գործողություններին:
«Մինչ Թուրքիան, հակառակ միջազգային իրավունքի, իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ շարունակում է հարձակումները Սիրիայի Աֆրին շրջանում, շարունակվում են Եվրամիությանն անդամակցության բանակցությունները: Աֆրինում թուրքական ներխուժման հետևանքով 170 հազար մարդ է տարհանվել: Եվրոպական համաձայնագրերը բացառում են անդամակցության շուրջ բանակցությունները բռնապետությունների կամ ավտորիտար պետությունների հետ, որոնք ներխուժում են այլ երկրներ, սպանում և թալանում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ ձեռք ձեռքի տված»,- նշեց Դաղդելենը:
Նա ընդգծեց, որ անգամ Գերմանիայի կառավարությունը Թուրքիան անվանել է իսլամական ահաբեկչության հարթակ: «Այս ամենը ցույց է տալիս, որ Էրդողանը չի կարող փախստականների վերաբերյալ քաղաքականության հարցում լինել գործընկեր: Ավելին, այն ընդգծում է ոչ միայն անդամակցության բանակցությունների և ֆինանսական աջակցության սառեցման, այլև անմիջապես եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը:
Սյուզի Մուրադյան