Բաժիններ՝

Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունի. շախմատի աշխարհի վետերանների եռակի չեմպիոն Վայսեր

Շախմատի աշխարհի վետերանների եռակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսերի կարծիքով Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:

Այս մասին Բեռլինի հավակնորդների մրցաշարի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վայսերը: «Դժվար է ասել, թե ինչի հետ է կապված Լևոնի անհաջող ելույթները հավակնորդների մրցաշարում: Գուցե հոգեբանական է: Դժվարանում եմ ասել: Արդեն քանի անգամ է, որ հավակնորդների մրցաշարում Լևոնը հաջող հանդես չի գալիս: Հրաշալի պարտիաներ է խաղում այլ մրցաշարերում, ստեղծում հրաշալի կոմբինացիներ, բայց ոչ այստեղ: Կարծում եմ, ինքն արդեն տվել է այդ հարցի պատասխանը, թե ինչու: Եթե անկեղծ, ապա պետք է աչքերի մեջ նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում»,-նշեց անվանի շախմատիստ:

Նա խոսեց նաև մրցաշարի մասնակիցների մասին՝ մասնավորապես փաստելով. «Հավակնորդների այս մրցաշարը ամենահետաքրքիրներից մեկն էր ամբողջ պատմության ընթացքում: Եվ այն կապված էր Կրամնիկի մասնակցության հետ: Իսկ պայքարն այնքան հետաքրքիր էր, կարելի էր պոեմ էլ գրել դրա մասին: Հավակնորդների այս մրցաշարը արդարացրեց սպասելիքները»:

Անդրադառնալով հաղթողի կոչումը նվաճած Ֆաբիանու Կարուանային Վայսերը շեշտեց, որ ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստն արժանիորեն նվաճեց այդ տիտղոսը: «Սպորտային տեսնակյունից նա բոլորից լավ խաղաց: Հատկապես այդ ամենը նկատելի դարձավ վերջին տուրում»,-եզրափակեց աշխարհի եռակի չեմպիոնը:

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Բեռլինում հավակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցավ: Առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց սև խաղաքարերով առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի: ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տոնեց: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Վարվառա Հայրապետյան

Բեռլին, Գերմանիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս