Կիմ Չեն Ընն այցելել է Պեկին և բանակցություններ վարել Սի Ցզինպինի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 25-ից մինչեւ 29-ը կատարել է իշխանության գլուխ գտնվելու ընթացքում առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Չինաստան:
Ինչպես հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումների ընթացքում նա ստացել Է երկու երկրների միջեւ հավերժ բարեկամության հավաստիացումներ։
Երկու ղեկավարների բանակցությունների ընթացքում Սի Ցզինպինը հայտարարել է, որ պետությունների միջեւ բարեկամությունը ռազմավարական եւ միակ ճիշտ ընտրությունն է, եւ ոչ մի կարգի արտաքին գործոններ չպետք է դա փոխեն: Ըստ որում Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Կորական թերակղզում տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ, եւ ՉԺՀ-ն գնահատում է դրա համար ԿԺԴՀ-ի գործադրած ջանքերը:
Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ պատրաստ էերկխոսել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ եւ հետեւողականորեն հանդես է գալիս թերակղզու միջուկազերծման օգտին: Սակայն նշել է, որ դա հնարավոր է սոսկ խաղաղության հասնելու՝ Վաշինգտոնի եւ Սեուլի հետեւողական ջանքերի պայմաններում:
Ընդ որում Փհենյանը երկխոսություն վարելիս ակնկալում է Պեկինի աջակցությունը: Կիմ Չեն Ընը Սի Ցզինպինին առաջարկություն է արել այցելել Հյուսիսային Կորեա, որն ընդունվել է: Հյուսիսային Կորեայի ղեկավարի եւ նրա տիկնոջ այցը եղել է գաղտնի: Պաշտոնական հավաստումը տրվել է սոսկ այն բանից հետո, երբ կառավարական զրահագնացքը հեռացել է Պեկինից: