Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18040000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել:
Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաեւ 601000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր:
Գնումների պլանում նաեւ 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60000 ՀՀ դրամ: 73000 ՀՀ դրամ կծախսվի եւս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7300 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ 15000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ:
Նվերների եւ պարգեւների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաեւ կենցաղային մի շարք ապրանքատեսակներ:
Օրինակ, նախատեսվում է նաեւ 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260000 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1800000 ՀՀ դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։