Ֆրանսիայում պարտադիր դպրոցական կրթությունը կսկսվի երեք տարեկանից

2019 թվականից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով պետք է ընդունվեն մանկապարտեզներ՝ դպրոցական կրթությունն սկսելով երեք տարեկան հասակից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ազգային դպրոցական կրթության հարցերին նվիրված հանդիպմանը:

Ինչպես պարզաբանել է պետության ղեկավարը, այսուհետեւ բոլորի համար պարտադիր կդառնան «մայրական դպրոցները»՝ մանկապարտեզները, ուր առանց այդ էլ ծնողների մեծամասնությունը կամավոր կերպով իրենց երեխաներին ուղարկում էր սկսած երեք տարեկանից: «Մայրական դպրոցը (մանկապարտեզը), որն ապագայում էլ ավելի կուժեղանա, Ֆրանսիայում հանդիսանում է մեր դպրոցական կրթության հիմնական փուլը:

Այդ կապակցությամբ ես որոշում եմ ընդունել մայրական դպրոցը դարձնել պարտադիր եւ դրանով իսկ դպրոց ընդունվելու տարիքը 2019 թվականի աշնանից վեցից իջեցնել մինչեւ երեք տարեկան»,-հայտնել է Մակրոնը: Մինչ այժմ Ֆրանսիայի դպրոցներում ուսուցումը պարտադիր էր վեցից մինչեւ 16 տարեկան երեխաների ու դեռահասների համար: Տարիքային այդ շրջանակները սահմանվել են 1959 թվականին եւ մինչ այժմ անփոփոխ էին մնում՝ նեռառելով ուսուցումը դպրոցների տարրական եւ միջին դասարաններում, քոլեջներում եւ լիցեյներում (կրթության սկզբնական մակարդակի ավագ դասարաններ):

Մանկապարտեզները՝ «մայրական դպրոց» անվանումով, Ֆրանսիայում գոյություն ունեն 1881 թվականից: Ներկայում դրանք ընդունում են երկուսից մինչեւ հինգ տարեկան երեխաների: Գործնականում նախադպրոցական տարիքի ֆրանսիացի գրեթե բոլոր երեխաներն ուսուցում են անցնում մանկապարտեզներում: Ֆրանսիայի կրթության նախարարության վիճակագրության համաձայն, 2015/2016 ուսումնական տարում մանկապարտեզ է ընդունվել երեքից բարձր տարիքի երեխաների 97,6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս