Համակարգչային և ինտերնետային կախվածությունը երեխաների մոտ

Համակարգչային կախվածության ախտանշանները

Բոլորին ծանոթ է կախվածություն հասկացողությունը, որը հանգեցնում է հետևանքային մի շարք քայքայող իրավիճակների։ Տարածված կախվածությունների շարքում են խաղամոլությունը, որը քայքայում է անհատի կյանքը, ընտանիքը, նպատակները, աշխատանքը, մասնագիտությունը, հարազատների հետ փոխհարաբերությունները, թմրամոլությունը, հարբեցողությունը, և այլն։

Մեր ժամանակաշրջանում վնասակար և քայքայող կախվածություն կարող ենք համարել ինտերնետային և համակարգչային կախվածությունը։ Մարդու ուղեղում հաճույքի կենտրոնի սիստեմատիկ խթանումը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար ձևավորված վիրտուալ հիվանդությունը հեռացնում է անհատի պահանջներից այն ամենը, ինչ չի վերաբերում նրա նախընտրած զբաղմունքին՝ համակարգչին։ Երեխաների դեպքում ամեն բան ավելի բարդ է։ Կախվածությունն ավելի վառ է արտահայտված, իսկ առողջության վատթարացումը կրկնակի է կատարվում։

Փորձենք հասկանալ՝ որո՞նք են երեխայի դեպքում կախվածության ախտանշանները։

  • Երեխան սահմանված ժամանակից ավելի շատ է տրամադրում համակարգչին և համակարգչային խաղերին։
  • Հրաժարվում և չի կատարում թե՛ կենցաղային, թե՛ սեփական պարտականություններին կից աշխատանքները՝ հավաքել ննջասենյակը, դասավորել պահարանը, ճաշելուց հետո հավաքել սպասքը, և այլն։
  • Երեխան համակարգչի դիմաց նստելը գերադասում է ցանկացած շփումից, ընտանեկան տոնակատարություններից և հասակակիցների հետ խաղերից։
  • Նույնիսկ ճաշելիս կամ լոգանքի ժամանակ նա ակտիվ է սոցիալական էջերում։
  • Երբ անջատում եք համակարգիչը, նա ինտերնետն ակտիվացնում է բջջայինի միջոցով։
  • Անընդհատ ինտերնետային կայքերում ձեռք է բերում նոր ընկերներ։
  • Համակարգչի դիմաց անցկացրած ժամանակն աստիճանաբար սկսում է ազդել ուսուցման, ուսումնական առաջադիմության, կենտրոնացվածության վրա։
  • Երբ բացակայում է ինտերնետային կապը, երեխաները կամա-ակամա դառնում են ավելի դյուրագրգիռ և ագրեսիվ։
  • Երբ չկա ինտերնետային կապը, երեխան չի կարողանում մեկ այլ գործողություն կատարել։

Համակարգչային կախվածությունը երեխայի մոտ կարող է հանգեցնել հետևյալ հնարավոր հոգեբանական և ֆիզիկական հապաղումների.

Երեխաներն ունեն շատ ավելի թույլ ֆիզիկական ու հոգեկան առողջություն, քան իրենց շրջապատող մեծահասակները: Համակարգչի ազդեցությունը կարող է շատ բացասական հետևանքներ թողնել երեխայի վրա, եթե ծնողները պատշաճ ուշադրություն չդարձնեն այս խնդրին: Ինչո՞վ է համակարգչի չկարգավորված օգտագործումը վտանգավոր երեխայի համար:

Հոգեբանական ծանրաբեռնվածություն. ուշադրություն դարձրեք ձեր երեխայի վարքին, երբ նա ընկղմված է համակարգչի մեջ: Նա ոչ մեկին չի տեսնում և չի լսում, մոռանում է ամեն բան, գերլարված է և անհանգիստ: Այդ վիճակում երեխայի հոգեկանը գտնվում է ուժեղ ճնշման տակ:

Հոգևոր վնաս. երեխան ծեփամածիկ է, որից կարելի է ծեփել ցանկացած տեսակի մարդ՝ համաձայն այն տեղեկատվական միջավայրի, որի մեջ նա գտնվում է: Այսօր տեղեկատվության ամենամեծ աղբյուրը համացանցն է, սակայն շատ հազվադեպ է պատահում, որ երեխան իր կամքով օգտագործի այն ինքնակրթման, ընթերցանության, զարգացնող խաղերի նպատակով:

Որպես կանոն, երեխայի ուշադրությունը գրավում են տեղեկատվության այնպիսի տեսակները, որոնք նա չի կարող ստանալ ծնողներից: Անբարոյականությունը, որը հեշտ հասանելի է համացանցում, ամուր և խորը կարող է նստել երեխայի գիտակցության մեջ:

Համակարգիչը փոխարինում է ընթերցանությանը. վերջին տարիներին կտրուկ սկսել է նվազել գրագիտության աստիճանը: Երեխաների մտահորիզոնն աստիճանաբար նեղանում և սահմանափակվում է համակարգչային խաղերով, սոցիալական ցանցերով, ֆորումներով՝ իրական կյանքից դուրս թողնելով տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը՝ գիրքը: Երեխան դադարում է ինքնուրույն մտածել, որովհետև ամեն ինչի պատասխանը կարելի է գտնել համացանցում:

Կորչում է շփման կարիքը. իրական կյանքը մղվում է հետին պլան: Հարազատներն ու իրական ընկերները դառնում են պակաս անհրաժեշտ և կարևոր, քան սոցիալական ցանցերի վիրտուալ ընկերները և նրանց գնահատականները: Համացանցում երեխան հերոս է, սակայն իրական կյանքում ունի շփման և առաջադիմության լուրջ խնդիրներ, դառնում է միայնակ և ինքնամփոփ:

Բոլոր բարոյական նորմերն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, և դրանց փոխարինման են գալիս համացանցային անպատժելիությունը, բոլոր տեսակի ցանկությունների և նպատակասլացության կորուստը: Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե երեխան հայտնվի պոռնոգրաֆիկ, աղանդավորական, ազգայնամոլական կայքերի տեղեկատվության ազդեցության տակ:

Առաջանում են առողջական խնդիրներ. վատանում է տեսողությունը, երեխան դառնում է դյուրագրգիռ, հյուծված, ագրեսիվ, թուլանում է իմունիտետը, առաջանում են գլխացավեր, քնի խանգարում, գլխապտույտ, մկանային դող։ Վզային հատվածի մշտական լարվածությունը թույլ չի տալիս, որ բավարար չափով թթվածին գնա ուղեղ, վնասվում է դեռ չամրացած ողնաշարը։ Անընդհատ նստակյաց վիճակը հանգեցնում է ախորժակի կորստի, դանդաղում է աճը, և առաջանում են խնդիրներ՝ մարմնի զանգվածի հետ կապված։

Որպես կանոն, համակարգիչը շատ օգտակար կարող է լինել և օգնել երեխային ուսուցման մեջ, սակայն այն դեպքում, երբ այն կիրառվի որոշակի հստակ սահմանված ժամաքանակով և ծառայի նպատակին։ Երեխան, բացի համակարգչից, պետք է տեղեկատվության աղբյուր համարի նաև գիրքը, գիտական ֆիլմերը, շրջակա միջավայրը, իսկ դա արդեն ծնողների դաստիարակության գերխնդիրն է։

Տեսանյութեր

Լրահոս