
Ցուկերբերգը հրաժարվել է պատասխանել Facebook-ից տվյալների արտահոսքի մասին հարցերին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մերժել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պահանջը՝ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ պատասխանելու ՄԹ պատգամավորների հարցերին: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը:
Ցուկերբերգը փոխարենը Միացյալ Թագավորության խորհրդարան կուղարկի իր տեղակալներից մեկին:
Ներկայանալու համար անձամբ Facebook-ի ղեկավարին հարցում էր ուղարկել բրիտանական խորհրդարանի թվային, մշակութային, մեդիայի և սպորտային հարցերով հանձնաժողովի ղեկավար Դամիան Քոլինզը՝ հայտնելով, որ հարցմանը պետք է պատասխան տրվի մինչև մարտի 26-ը:
Facebook-ից պատասխան նամակում հայտնել են, որ քննարկմանը կմասնակցեն ընկերության այլ ներկայացուցիչներ, իսկ Ցուկերբերգը չի ներկայանա: Թե որն է պատճառը, որ նա չի կարողանա անձամբ պատասխանել պատգամավորների հարցերին, հայտնի չէ:
Մարկ Ցուկերբերգը վերջերս շարունակաբար քննադատությունների է ենթարկվում այն բանի համար, որ խուսափում է հրապարակայնորեն խոսել Cambridge Analytica ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալներն ապօրինի հավաքագրելու վերաբերյալ:
2018 թվականի մարտի կեսերին բրիտանական ու ամերիկյան լրատվամիջոցները հրապարակեցին հետաքննություն Cambridge Analytica ընկերության վերաբերյալ, որը սոցցանցի շուրջ 50 մլն օգտատերերի տվյալները հավաքել էր քաղաքական գովազդում օգտագործելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունն ԱՄՆ-ում համագործակցել էր նախագահական պայքարի մեջ մտած հանրապետական թեկնածուներ Թեդ Քրուզի և գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբերի հետ:
Ցուկերբերգը խոստովանել է տվյալների արտահոսքի փաստը: Նրա խոսքով՝ իրենք դեռ 2015 թվականին պահանջել են Cambridge Analytica-ից ջնջել հավաքած տվյալները, սակայն հետևողական չեն եղել տեսնելու, որ իրենց պահանջը կատարվել է: