«Որևէ բան չի կարելի բացառել, բայց դեռևս չկա ուժեղ ճնշում». Քաղաքագետը՝ իշխանափոխության հնարավորությունների մասին
Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ պայքարելու անհրաժեշտության և ռեալ շանսերի մասին: Նրանք ասում են, որ իշխանափոխություն իրականացնելու համար պետք է օգտագործվի այն մեկ շաբաթը, երբ Սերժ Սարգսյանը չի լինելու երկրի ղեկին:
168.am-ը քաղաքագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը տեսնո՞ւմ է իշխանափոխության իրական հնարավորություն: Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ նման դեպքերում դա պետք է լինի ամենավերջին հարցը, թեև բոլորին հենց այդ հարցն է հետաքրքրում.
«Իրականում նման իրավիճակներում որևէ բան չի կարելի բացառել, մյուս կողմից էլ՝ հստակ կանխատեսումներ անելն էլ սխալ է՝ այն պարագայում, երբ չկա ուժեղ ճնշում: Կա բողոքի պոտենցիալ, գիտենք նաև՝ շատ արագ, հաշված օրերի ընթացքում բավականին ուժեղ դիմադրության ակցիաներ են կազմակերպվում Հայաստանում: Պետք չէ բացառել, որ նման բան հնարավոր է, բայց այս պահի դրությամբ ճնշումն ուժեղ չէ: Կան բազմաթիվ անհստակություններ՝ կապված պայքարի ձևաչափի, մեթոդոլոգիայի, նաև պայքարի նպատակների հետ: Կան տարաձայնություններ տարբեր քաղաքական և քաղաքացիական ուժերի միջև այդ բոլոր հարցերի վերաբերյալ: Կա լուրջ դժգոհություն հանրության կողմից իշխանությունների նկատմամբ, և այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետ, կարծում եմ՝ հանրության զգալի հատվածին որևէ կերպով չի կարող հանգիստ թողնել: Դա առաջացնում է նաև մարդկանց զայրույթն ու բողոքը»:
Հարցին՝ ինչո՞ւ ճնշումն ուժեղ չէ, որովհետև անհստակություննե՞ր կան՝ կապված պայքարի ձևաչափի հետ՝ Է. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Նաև այդ պատճառով, բայց պետք է նաև նշել, որ ճնշումը նաև թույլ է, որովհետև հասարակությունն այսօր դեռևս չի գտնում արդյունավետ ճնշում բանեցնելու տարբերակներ, որոշ հատվածների շրջանակներում նաև որոշակի հիասթափություն, անհավատություն կա ամեն ինչի նկատմամբ, որի հիմնական մեղավորներն իշխանություններն են, բայց նաև հասկանալի պատճառներով կա դժգոհություն տարբեր տեսակի ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետև նրանք հաջողության չեն հասնում: Հանրության տարբեր շրջանակներ մտածում են, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ պարբերաբար կոնֆորմիստական դիրք են գրավում, սկսում են այս կամ այն կերպով համագործակցել իշխանությունների հետ:
Դա նույնպես խոչընդոտում է մոբիլիզացիային: Իշխանությունները միշտ պատասխանում են ուժով, սպառնում են: Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մեջ նույնպես կա սպառնալիք: Մարդիկ նման պայմաններում անընդհատ պատրաստ չեն բողոք մղելու փողոցներում, բայց դա կրում է ժամանակավոր բնույթ, որովհետև. եթե կա բողոք, բողոքի փորձ, մարդիկ, ովքեր ունեն ցանկություն կազմակերպված բողոք իրականացնել, ուրեմն՝ յուրաքանչյուր պահի այդ բողոքը կարող է ավելի հզոր դառնալ, ազդեցիկ լինել»:
Մեր այն հարցին էլ, թե ի՞նչ կարող է տալ այն, որ Սերժ Սարգսյանը ապիլի 9-17-ը իշխանության ղեկին չի լինելու, չէ՞ որ բոլոր կառույցները ղեկավարվելու են այն մարդկանց կողմից, ում իշխանություններն են նշանակել՝ Է. Վարդանյանն այսպես պատասխանեց.
«Այստեղ կարևոր է՝ տրամաբանությունը հասկանանք: Տրամաբանությունն այն է, որ երկրում նույնիսկ իշխանությունների ներսում կա դժգոհություն և անվստահություն մեկը մյուսի նկատմամբ: Տրամաբանության հիմքում նաև այն է, որ հանրությունը կարող է ստիպել իշխանության ներսում գտնվող անձանց կանգնել իր կողմը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի: Ու եթե լինի այդ ճնշումը, նրանք կարող են օգտվել այն հնարավորությունից, որ Սերժ Սարգսյանը չունի իրավական լծակներ հրաման տալու, նրանք կարող են ինքնուրույն գործել այդ ժամանակ՝ ժողովրդի հետ համագործակցել, և դա կզրկի Սերժ Սարգսյանին վարչապետ լինելու հնարավորությունից:
Տրամաբանությունը սա է, հասկանալի է, որ այդ մարդիկ նշանակված են Սերժ Սարգսյանի կողմից, և հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն ունի մտերիմներ, վստահելի մարդիկ: Բայց վերջին շրջանի իրադարձությունները, երբ Պաշտպանության նախարարն է դուրս գալիս, դառնում ընդդիմադիր, երբ վարչապետ է դուրս գալիս և այս կամ այն կերպով քննադատում Սերժ Սարգսյանին և նրա թիմին, խոսում են այն մասին, որ իշխանությունների ներսում եղել են և կան լուրջ խնդիրներ: Այսպիսի իրավիճակում, երբ ընդդիմությունն ասում է այդ պատուհանի մասին, հենց սա նկատի ունի»: