Բաժիններ՝

«Ցավում եմ, որ մարդիկ հաճախ դադարում են միմյանց լսել». Տիրուհի Հակոբյան

Կարճ ժամանակահատվածում մի շարք հեռուստադիտողների սրտերը նվաճած «Կարմիր բլուր» հեռուստանովելը, որը հեռարձակվում է ATV հեռուստաընկերությամբ, սիրվել է նաև թատրոնի և կինոյի դերասանուհի Տիրուհի Հակոբյանի շնորհիվ, որը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Սոսեին: Թատրոնի, կինոյի, հեռուստանովելի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:

– Դեռ շատ երիտասարդ եք, սակայն աշխատում եք թատրոնում և նկարահանվում հեռուստանովելում: Ըստ ձեզ` որո՞նք են այդ երկու բնագավառների առանձնահատկությունները:

– Խաղում եմ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Աշխատում եմ ոչ միայն տիկնիկների, այլև ամենաանկեղծ փոքրիկ հանդիսատեսի հետ: Երեխաների համար ստեղծագործելը կրկնակի հաճելի և բարդ է. կարծես միջնորդ լինես տիկնիկի և երեխայի միջև ստեղծված աշխարհում: Պետք է շատ զգույշ լինել և չկոտրել այն հավատը, պատրանքը, որ փոքրիկներն ունեն իրենց պատկերացրած թատրոնի հանդեպ: Դերասանական արվեստում պետք է անկեղծ լինես ինքդ քեզ և թատերասերի հետ:

Նշեմ, որ մեծացել եմ տիկնիկային թատրոնում (հայրս` Գրիգոր Հակոբյանը, այս թատրոնի դերասան է) և այդտեղի յուրաքանչյուր ներկայացում չափազանց հարազատ է ինձ: Շատ հետաքրքիր է, երբ փոքրիկ թատերասերից վերածվեցի այդ թատրոնի դերասանուհու: Կարծում եմ, մանկությունը մարդու կյանքի կարևորագույն մասն է, և հրաշալի է, երբ այնտեղ նաև թատրոն կա: Եթե անդրադառնանք կինոյին, ապա այն բոլորովին այլ է: Կինոն հատկապես հաճելի է, երբ արդեն պատրաստ է, և կարող ես տանը նստած վայելել այն: Հեռուստանովելում նկարահանվելու գործընթացն այնքան հետաքրքիր չէ, որքան թատրոնում խաղալը: Սերիալը չունի այն կենդանությունը, որն անպակաս է թատրոնում:

– Նախկինում ֆիլմերի, ներկայացումների միջոցով բարձրաձայնվում էին մարդկության համար այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են պատիվը, բարոյական այլ արժեքները: Ձեզ կարծիքով, ի՞նչ հարցեր են արծարծում ժամանակակից կինոն և թատրոնը:

– Շատ եմ սիրում խոսել այդ հարցի շուրջ: Այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ. պատվի, բարոյական այլ արժեքների մասին ֆիլմերը միշտ են եղել և կլինեն: Հաճախ եմ դիտում ռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Ռոման Պոլանսկու կինոնկարները: Նրանք մերօրյա, արդիական հարցեր են շոշափում իրենց ֆիլմերում: Հանճարեղ է Բերգմանի «Ընտանեկան կյանքի դրվագներ» ժապավենը, որը վերջերս եմ դիտել և հասկացել, որ քսաներորդ դարից հետո ոչինչ չի փոխվել:

Դա խոսում է այն մասին, որ կան թեմաներ, որոնք արդիական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդկությունը: Միշտ մտածել եմ, որ եթե հնարավորություն ունենայի կինոնկար ստեղծել, այն կլիներ մարդու ներքին ազատության մասին: Ցավում եմ, որ մարդիկ հաճախ դադարում են միմյանց լսել և կորցնում են շատ կարևոր արժեքներ: Մարդիկ փակ են. փակ են աշխարհի հանդեպ, իրար հանդեպ, հաճախ ներկում են կյանքը սև ու սպիտակով:

Պակասում է ամենակարևոր բանը` սերը, որը մշտնջենական է: Խոսում եմ` ոգեշնչված Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմից: Կինոնկարում մի ընտանիքի օրինակով ներկայացվում է աշխարհի կարևոր խնդիրներից մեկը` բաժանությունը, սիրո կորուստը: Կարծում եմ` կան հրաշալի ռեժիսորներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նոր խոսք է ասում կինոասպարեզում և չի դադարում զարմացնել:

– Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու, կցանկանայիք խաղալ անցյալ դարի թատրոնում և կինոյում, թե՞ մեր ժամանակներում դերասանների առաջ ավելի լայն հեռանկարներ են բացվում:

– Չէի ուզի հանդես գալ անցյալ դարի թատրոնում: Սիրում եմ իմ ժամանակի թատրոնը: Ինձ դուր է գալիս, երբ մի ներկայացման մեջ ներառված են արվեստի տարբեր ճյուղերը` երգ, պար, կրկես և այլն: Մերօրյա թատրոնում արտահայտչամիջոցներն ավելի հետաքրքիր են, և անմիջական կապը հանդիսատեսի հետ շոշափելի է: Սիրում եմ, երբ բեմադրություններ են իրականացվում ոչ միայն բեմում, այլև փորձասենյակում, սրճարանում, թատրոնի շենքի կտուրում և այլուր` այդպես կոտրելով մի շարք կարծրատիպեր: Բայց, պետք է խոստովանեմ, որ դեմ չէի լինի որոշ ժամանակ ապրել Խորհրդային Միության ժամանակներում, քանի որ այդ շրջանի կինոն ինքնատիպ է և սիրելի: Կցանկանայի ֆիլմերի միջոցով տեղափոխվել 16-18-րդ դարեր, իսկ թատրոնն ինքնին հրաշալի ճանապարհորդություն է ժամանակի և տարածության մեջ:

– Մի առիթվ խոստովանել եք, որ բավականին հուզառատ անձնավորություն եք, դերասանական արվեստում դա օգնու՞մ է, թե՞ …

– Միանշանակ օգնում է:

– Ինչպե՞ս հայտնվեցիք «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Սոսեն, ում մարմնավորում եք, և դուք կյանքում ընդհանրություններ ունե՞ք:

– Հեռուստասերիալի դերասանական կազմի ընտրության վերջին օրերն էին: Հանդիպեցի ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Արշակյանին: Նա հավատաց ինձ, վստահեց իմ ուժերին և հնարավորություն տվեց հանդես գալ «Կարմիր բլուրի» գլխավոր դերում: Ե՛վ ես, և՛ Սոսեն շատ զգացմունքային ենք:

– Հեռուստանովելում ձեր խաղընկերներն արդեն իսկ հայտնի դերասաններ են. Սարգիս Գրիգորյան, Վահե Զիրոյան, Արտաշես Ալեքսանյան, Սամվել Սարգսյան, Անետ Հարությունյան, Լուիզա Մելքոնյան և այլք: Կպատմե՞ք նրանց հետ համագործակցության մասին:

–  Հեռուստասերիալում նկարահանվելու առաջին փորձս է: Բնական է, որ լարվածություն կար, հատկապես սկզբնական շրջանում: Սակայն իմ փորձառու խաղընկերներն ինձ սատարեցին, և նրանց շնորհիվ լարվածությունն անհետացավ: Նկարահանումներն անցնում են ջերմ և լավ մթնոլորտում, ինչը շատ դրական է ազդում բոլորիս վրա:

– «Կարմիր բլուրը» երկրպագուների մեծ բանակ ունի: Բոլորին հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացք է ստանալու այն, ինչպե՞ս են ծավալվելու գործողությունները: Կարո՞ղ եք բացել փակագծերը:

– Ինձ երբեք հետաքրքիր չէ դիտել ֆիլմը, եթե նախապես գիտեմ, թե ինչպես է այն ավարտվում: Կարծում եմ, արդար չի լինի, եթե ես որևէ փակագիծ բացեմ (ժպտում է):

– Նոր ներկայացումներում, հեռուստանովելներում հանդես գալու առաջարկներ ունե՞ք:

– Ներգրավված եմ մի քանի ներկայացումներում: Նոր հեռուստանովելում նկարահանվելու առաջարկ ստացել եմ, բայց մերժել եմ: Ինձ դուր է գալիս այն ֆիլմը, որում հիմա նկարահանվում եմ, և ուզում եմ մինչև վերջ գնալ: Սիրում եմ սկսած գործն ավարտին հասցնել:

– Դերասանուհի ծնվու՞մ են, թե՞ դառնում:

– Դառնում են: Հաճախ շնորհը, տաղանդը ոչինչ են: Շատ կարևոր է, թե կյանքը քեզ ինչ ճանապարհով է տանում, թե ինչն է քեզ դուր գալիս, որքան մեծ է քո ազատությունը, հարուստ՝ ինտելեկտը: Վարպետս` Ռուբեն Բաբայանը, միշտ ասում է. «Ջուլիետ շատ դերասանուհիներ են խաղացել, ոմանք՝ հանճարեղ, բայց քեզ նման ոչ ոք չի խաղա, քանի որ յուրաքանչյուր դերասան անհատականություն է և իրենն է բերում բեմ կամ կինո»:

– Եթե ոսկե ձկնիկ բռնեք, ի՞նչ երեք երազանք կպահեք:

-Կցանկանամ, որ մարդկանց մեջ սերը շատ լինի, որ հարազատներս միշտ կողքիս լինեն, որ իմ մեջ ապրող երեխան երբեք չմեծանա:

– Ի՞նչ կփոխեիք ձեր անցյալում և ինչո՞ւ:

– Ասում են, որ ամեն տարիքում պետք է այդ շրջանին համապատասխան գրականություն կարդալ ժամանակին հավասար քայլելու և ետ չընկնելու համար: Կարծում եմ, որ այդ հարցում ունեմ բացեր: Կցանկանայի կարդալ այն գրքերը, որոնք ժամանակին չեմ ընթերցել, քանի որ ամեն տարիքում դրանք յուրովի ես ընկալում:

– Ընկերություն կանեի՞ք ձեր նմանակի հետ:

– Ունեմ իմ նմանակը: Խոսքը դերասանուհի Եվա Զոհրաբյանի մասին է: Երբեմն միմյանց նայելիս ասում ենք, որ իրար շատ նման ենք ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ: Մենք ունենք մեր հորինած բառերը, որոնց միջոցով հասկանում ենք, թե ինչ հոգեվիճակում ենք, ինչ ենք զգում, ինչ ենք մտածում: Հրաշալի է, երբ կողքիդ քեզ նման մարդ կա:

– Ի՞նչ անելու համարձակություն չունեք:

– Վախենում եմ բարձրությունից, բայց երազում եմ թռչել անկարգելից (պարաշյուտ): Կարծում եմ, երբ վախեր ունես, պետք է փորձել հաղթահարել դրանք: Բայց ես դեռ պատրաստ չեմ:

– Ինչո՞վ կզբաղվեիք ձեր կյանքի վերջին օրը:

– Սիրելիիս հետ ձեռք ձեռքի կքայլեի Փարիզի փողոցներով:

Հարցազրույցը վարեց
Անժելա Համբարձումյանը
Լուսանկարները տրամադրեց Տիրուհի Հակոբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս