Բաժիններ՝

«Մեկ դատապարտյալ կատարել է 250 ինքնավնասում»

«Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է անչափահասների քանակի կտրուկ նվազում, այս պահին ունենք 3 անչափահաս։ Բայց թեկուզ մեկ անչափահաս դատապարտյալ լինելու դեպքում՝ նրան պետք է տանք կրթության հնարավորություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Նա ներկայացրեց, թե ՔԿՀ-ներում կրթական ծրագրերն ինչպես են իրականացվում. «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ դատապարտված անձինք կրթություն ստանան, շարունակեն կրթությունը, սակայն դա կարող են իրականացնել այն ուսումնական հաստատություններում, որոնք ունեն հեռահար ուսուցման մեխանիզմներ։ Այս պահին ունենք բարձրագույն կրթությունը շարունակող 8 անձ, բայց այսօր այդ օրենսդրությունը թույլ է տալիս, որ նրանք օգտվեն այդ հնարավորությունից։ Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, մենք ունենք 103 ուսանող, որոնք տարբեր հաստատությունների կամ կազմակերպությունների կրթական ծառայություններից են օգտվում»։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանն անդրադարձավ բժշկական սպասարկման խնդիրներին. «Մահացության դեպքերն ու բուժսպասարկումը փոխկապակցված են. 2017թ. արձանագրվել է 17 մահացության դեպք, որից 2-ը եղել է ինքնասպանության դեպք։ 15 դեպքից 8-ը սիրտ-անոթային հիվանդությունների արդյունքում է գրանցվել, 2-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման, 5-ը՝ այլ հիվանդությունների հիմքով։ Համեմատած 2016թ. մահվան դեպքերի՝ 2017թ. մահվան դեպքերը նվազել են։ 2016թ. արձանագրվել էր 22 մահացության դեպք։ Օրինակ՝ 2011-12 թթ.  գրանցվել է 25 մահացության դեպք, 2013թ.՝ 17, 2014թ. աճել է՝ 35 դեպք է գրանցվել, 2015-ին՝ 26 դեպք է։ Այսինքն՝ տատանվում է մահացությունների թիվը։ Այս տարի պատժի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով պատժից ազատվել է ընդամենը 6 անձ, սակայն, ինչպես նշեցի՝ 15 անձ տարբեր հիվանդություններով ՔԿՀ-ներում մահացել է»։

Նա խոսեց Աբովյան ՔԿՀ-ում տեղի ունեցած մի միջադեպի մասին. «Աբովյան ՔԿՀ-ում մենք արձանագրեցինք 1 դեպք, երբ մեր խումբը այցելություն կատարեց և հանդիպեց կնոջը, որը մեր դիտարկմամբ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ենթակա էր 825 որոշմամբ ազատման։ Դիմեցինք նախարարություն՝ համապատասխան հաշվետվությամբ, ստացանք պատասխան, որ չի համապատասխանում ըստ բժշկական փաստաթղթերի իր հիվանդությունները հիմքով պատժի կրումից ազատման, սակայն, օրեր անց ունեցանք տվյալ կնոջ մահվան դեպքը։

Եվ բացառել, որ տվյալ 15 դեպքից որևէ մեկը պատժի կրումից հետագա ազատվելու հնարավորություն չուներ իր հիվանդության հիմքով, ես չեմ կարող, որովհետև ունենք թերի քննություն։ Ի՞նչ է կատարվում. մահվան դեպքերով Քննչական կոմիտեում հարուցվում է քրեական գործ, և ուղղակի Արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության վերահսկողությունից դուրս է մնում տվյալ քննությունը։ Մենք հարցում ենք կատարում նախարարություն կամ վարչություն, մեզ պատասխանում են, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում։ Սահմանափակվում են քրեական գործով և ասում, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա»։

Զալյանի խոսքով՝ 2017թ. արձանագրվել է ինքնավնասման 607 դեպք. «Ազատազրկվածներն ինքնավնասում հիմնականում կատարում են իրենց բազուկների շրջանում։ Այս թվերից 211-ն արձանագրվել է Նուբարաշեն ՔԿՀ-ում։ 2016թ. արձանագրվել էր ինքնավնասման 879 դեպք, իսկ 2016-ի հատկանշականն այն էր, որ 250 ինքնավնասում կատարել էր միայն մեկ դատապարտյալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս