Բաժիններ՝

Շիրակի մարզին ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր է անհրաժեշտ

Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստի ընթացքում ավագանին հավանության է արժանացրել մի շարք հաստատությունների դրամական միջոցներ տրամադրելու, «Մուշ-2» թաղամասի հրապարակը բարեկարգելու և այլ որոշման նախագծերին:

Ավագանու որոշմամբ 650.000 դրամ է հատկացվելու գրողների միությանը, 1 մլն 400.000 դրամ էլ Շիրազի «Անտիպներ» գրքի տպագրության համար:

Գյումրու ավագանու որոշմամբ Գյումրիում աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու համար 3 աղբատար և 2 ինքնաթափ է գնվելու:

Աղբահանությունը Գյումրիում կարևոր հիմնախնդիրներից է: Հատկապես աղբի կուտակումը որոշ թաղամասերում ամռան շոգ օրերին անհարմարություն է պատճառում որոշ թաղամասերի բնակիչներին:

Համաքաղաքային շաբաթօրյակներն առավել հաճախակի կազմակերպելու անհրաժեշտություն կա: Կանաչ տարածքների պահպանման համար հոգ պետք է տանեն նաև անհատ ձեռնարկատերերն ու բնակիչները:

Այս ոլորտում ուսումնասիրություններ է իրականացնում «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնը, քաղաքում աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու համար համապատասխան առաջարկներ ներկայացնում:

ՀՀ կառավարությունն էլ քայլեր է ձեռնարկում Շիրակի մարզում կոշտ, կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը կյանքի կոչելու համար:

Քաղաքային համայնքներում թափոնները հավաքվում են կանոնավոր կերպով, սակայն գյուղական համայնքներում թափոնների հավաքման հաճախականությունը ցածր է, որոշ գյուղերում նույնիսկ տարին մեկ անգամ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ Շիրակի մարզի բնակչության 93.5%-ը ստանում է աղբահանության ծառայություններ: Թեև այդ ցուցանիշը Երևանից (100%) երկրորդն է հանրապետությունում, բայց պայմանավորված է Գյումրու մեծ տեսակարար կշռով, քանի որ մարզի բնակչության շուրջ 50%-ը բնակվում է Գյումրիում:

Շիրակի մարզի 56 համայնքներում իրականացվում են աղբահանության ծառայություններ: Մարզի 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներից աղբահանության ծառայություններ իրականացվում են միայն հինգում: Փոքր գյուղական համայնքներում ծառայություններ չեն իրականացվում:

Աղբահանությունը հիմնականում իրականացվում է հնամաշ մեքենաներով:

Աղբահանության ծառայությունների դիմաց վարձավճարը մարզում կազմում է 0-ից 400 դրամ: Շիրակի մարզի որոշ տարածքներում չկա սահմանված վարձավճար և բնակչությունը բոլորովին չի վճարում ծառայությունների դիմաց:

Մարզում ամենաբարձր վարձավճարը համայնքի ավագանու որոշմամբ սահմանված է Անիպեմզա համայնքում` 400 դրամ, մյուս համայնքներում 50-300 դրամ:

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար մարզի բնակավայրերում կնքվել է թվով 1674 պայմանագիր:

Մարզում գործում են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող թվով 14 մասնավոր ընկերություններ: Մարզի երեք քաղաքային համայնքներն ունեն իրենց աղբանոցները, որոնք գտնվում են իրենց վարչական տարածքների սահմաններում և քաղաքի կենտրոններից կարճ տրանսպորտային հեռավորության վրա: Մարզի գյուղական համայնքներն ունեն ավելի վատ կազմակերպված և հաճախ բազմաթիվ փոքր աղբանոցներ:

2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ հանրապետությունում առկա աղբանոցների գույքագրման և անձնագրավորման արդյունքներով, Շիրակի մարզում գույքագրվել է թվով 337 աղբանոց:

Մարզում պաշտոնապես չկա թափոնների վերամշակում, սակայն որոշ ոչ պաշտոնական տեսակավորում առկա է մարզում: Մասնավորապես աղբանոցների մոտ, որտեղ աղբ հավաքողները տեսակավորում և վաճառում են արժեքավոր վերամշակվողները (մասնավորապես՝ մետաղ, ապակի և պլաստիկներ) մասնավոր ընկերություններին, որոնք հետագայում վաճառում են դրանք վերամշակող գործարաններին:

Ըստ ուսումնասիրությունների, Գյումրի համայնքի աղբավայրում գործում են վերամշակվող թափոնների հետևյալ գները` պլաստիկի համար` 1 կգ-ի համար 60 դրամ, 50 կգ ապակու համար` 700 դրամ: Ներկայումս Շիրակի մարզում չկա կայուն տեղական շուկա` վերամշակվող նյութերի ավելի մեծ ծավալների համար:

Գյումրիում խառը կենցաղային թափոնները հավաքվում են բնակավայրերից՝ օրը մեկ կամ երկու անգամ (առանց հանգստյան օրերի), իսկ քաղաքի կենտրոնում` օրը երեք անգամ: Հավաքման հաճախականությունը կախված է հավաքման շրջանում կոնտեյներների տարողունակությունից: Վտանգավոր թափոնների հավաքման հատուկ համակարգ գոյություն չունի: Գյումրիում շահագործվում են թափոնների հավաքման 22 բեռնատար մեքենա, որոնցից 12-ն ավելի քան 25 տարի է շահագործվում են:

Բոլոր գործող աղբանոցները հեռու են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող աղբավայրերից: Դրանցից ոչ մեկը չունի երեսապատման համակարգ, ֆիլտրատի հավաքում և մշակում, աղբավայրի գազի կուտակում կամ այլ սարքավորումներ և նախագծումներ, որոնք կանխում են շրջակա միջավայրի ախտոտումը: Աղբանոցները պատշաճ կերպով չեն շահագործվում` անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով, իսկ թափոնների հաճախակի այրումը ավելացնում է բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Չի գործում թափոնների առանձնացման որևէ համակարգ, վերամշակման համակարգերը բացակայում են:

Առաջարկվում է ներդնել մի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզում բնապահպանական, սոցիալ-տնտեսական առումով արդյունավետ, ինչպես նաև մարդու առողջության, նրա կենսակերպի ու շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ` թափոնների կանոնավոր հավաքմամբ, հեռացմամբ և թաղմամբ կամ վերամշակմամբ:

Կառավարությունն առաջարկվում է Շիրակի մարզում ունենալ մեկ՝ 20 հա տարածքով, 20 տարվա շահագործման ժամկետով ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս